Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Բաքվին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը. Բորել


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

2022 թվականի դեկտեմբերի սկզբից Եվրամիությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ իրադարձությունների զարգացմանը և լրջորեն անհանգստացած է մնում տեղաշարժի ազատության շարունակական սահմանափակումներով ու կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումների խափանմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել այն միջոցները, որոնք իր իրավասության մեջ են՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով իր ստանձնած պարտավորությունների», - հայտարարել է Բորելը ի պատասխան եվրախորհրդարանականներից մեկի հարցի:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է նաև Ռուսաստանի պատասխանատվությունը, որի խաղաղապահ զորախումբը նույն եռակողմ հայտարարության համաձայն վերահսկում է Լաչինի միջանցքը:

Եվրամիության հումանիտար ֆինանսավորումը, որ մոբիլիզացվել է հայ - ադրբեջանական հակամարտության հետևանքների վերացման համար, կազմել է 3,6 միլիոն եվրո 2022 թվականի համար: Այն ամբողջությամբ հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ միակ միջազգային մարդասիրականն կազմակերպությանը, որը կարող է գործել Լաչինի միջանցքում սրացումից ի վեր, նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Բորելը հայտնել է նաև, որ 2020 թվականի հակամարտությունից ի վեր Եվրամիությունը տրամադրել է մոտ 27 միլիոն եվրո մարդասիրական օգնություն՝ ռազմական գործողություններից տուժած առավել խոցելի բնակչությանը աջակցելու համար:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն անցած տարվա դեկտեմբերի 12-ից փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:

XS
SM
MD
LG