Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է Ղրիմում ռուսների ռազմական թիրախներին Ուկրաինայի հասցրած հարվածներին:
«Ռուսաստանը Ղրիմում տեղակայել է մեծ թվով ռազմական կառույցներ, դրանք Ուկրաինայի համար օրինական թիրախներ են և հարվածների են ենթարկվում, մենք աջակցում ենք դրան: Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորված չի լինի, քանի դեռ Ղրիմն առնվազն չի ապառազմականացվել», - ասել է Նուլանդը:
Այդ մասին փոխպետքարտուղարը հայտարարել է՝ տեսակապով ելույթ ունենալով Քարնեգիի կենտրոնում, որտեղ կազմակերպվել է քննարկում ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվա կապակցությամբ:
Անդրադառնալով այն հարցին, որ ուկրաինացիների հարձակումը Ղրիմի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կդառնա «կարմիր գիծ», որից հետո Ուկրաինան կարող է ռուսների կողմից ենթարկվել է՛լ ավելի հզոր հարվածների, Նուլանդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս:
«Ուկրաինային է պատկանում այդ երկրի միջազգայնորեն ճանաչված ամբողջ տարածքը», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի տեղակալը: