Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե «հատուկ ռազմական օպերացիան» [Մոսկվան այդպես է անվանում ռուս-ուկրաինական պատերազմը] շարունակվում է, քանի որ Ռուսաստանի նոր շրջանները սպառնալիքներից ոչ ամբողջությամբ են պաշտպանված:
Այդպես նա արձագանքել է Դոնբասի և Ղրիմի ազատագրման նպատակով հարձակողական գործողություններին մասնակցելու համար նոր գրոհային բրիգադներ ստեղծելու Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
«Դոնբասը դեռ ամբողջությամբ չէ պաշտպանված, ուստի, «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է: Մենք պարտավոր ենք պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց: Այդ նպատակին ամբողջությամբ չենք հասել, դա դեռ պետք է անել»,- ասել է Պեսկովը և ավելացրել, թե Ղրիմի անվտանգությունը հուսալիորեն է ապահովված: