Մատչելիության հղումներ

Այս տարվանից մեկնարկում է պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը


Հայաստանում այս տարվանից մեկնարկում է պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը, բայց 2023-ը կլինի նախապատրաստական տարի, իսկ 4 տարի անց՝ այսինքն մինչև 2027 թվականը համակարգը պետք է գործի ամբողջությամբ։

Նախնական հաշվարկներով՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան պետք է վճարի 150-200 հազար դրամ, այսինքն ամսական առավելագույնը մոտ 17 հազար դրամ։

Առողջապահության նախարարության փորձագետ Սամվել Խարազյանն ասում է՝ այս թիվը կարող է փոփոխվել. «Այդ հաշվարկները հիմնված են 2019 թվականի տվյալների բազայի հիման վրա կատարված ընդհանուր առմամբ գնահատականների վրա: Հիմա պետք է իրականացնենք արդեն այդ հաշվարկների թարմացում հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այս ընթացքում մենք ունեցել ենք: Հիմնվելով արդեն այդ տվյալների վրա կարող ենք վերջնական առումով գնահատել»:

Ըստ կառավարության ծրագրի՝ միջին աշխատավարձից ցածր վարձատրվող քաղաքացիներն առողջապահական փաթեթ ունենալու համար ավելի քիչ կվճարեն, զգալի մասը պետությունը կտրամադրի։ Այդ գումարի դիմաց քաղաքացին, ըստ ծրագրի, կստանա հիմնական ծառայությունները՝ վիրահատություններ, հիվանդանոցային բուժման ընթացքում բոլոր ծախսերը կփակվեն։ Առանձին փաթեթ կգործի քրոնիկ հիվանդների դեղերի տրամադրման համար։ Փաթեթից դուրս են մնում, կոսմետիկ ու պլաստիկ վիրահատությունները, հավելյալ խնամքի ծառայությունը, հիվանդասենյակի վճարը, բուժքույրական խնամքը, որոշ դեպքերում նաև վերականգնողական ու հետվիրահատական բուժումը։

«Վերականգնողական բուժումներ, որոնք կապված չեն հիվանդության հետ խրոնիկ, ներառվում է ստոմատոլոգիայի սահմանափակ ծառայություններ: Երբ որ մարդն այցելում է իր ընտանեկան բժշկին, բժիշկը որոշում է կայացնում, որ նրան անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում, կոնկրետ ինչ-որ վիրահատություն, մարդը հնարավորություն ունի այդ բուժհիմնարկների ցանկից, ովքեր հայտ են ներկայացրել և ստացել են համաձայնությունը հիմնադրամի, այդ բուժհիմնարկների ցանկից ընտրել այն բուժհիմնարկը, որտեղ ինքը կցանկանար վիրահատվել», - ներկայացրեց Խարազյանը:

Ծրագրով նախատեսվում է, որ քաղցկեղ ունեցող մարդկանց քիմիաթերապիայի համար 1.6 մլն դրամ կհատկացվի։

Ուռուցքաբան-վիրաբույժ Վահե Տեր-Մինասյանն ասում է՝ սա քաղցկեղով հիվանդի ծախսերի էական նվազեցում չէ։

«Առաջին հայացքից դա բավականին մեծ գումար է, բայց ես հավատացնում եմ, որ կան բազմաթիվ պացիենտներ, որոնց համար 1,6 միլիոնը մեկ կամ երկու ամսվա կամ մեկ, երկու կուրս քիմիաթերապիայի արժեքն է, ու պարզվելու է, որ՝ այո, կան պացիենտներ, որոնք ստիպված են լինելու էլի մտածել ֆինանսական միջոցներ գտնելու մասին», - ասաց բժիշկը:

Քաղցկեղով հիվանդների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Հենարան» ՀԿ-ի տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանը ցավում է, որ քաղցկեղի ամենաթանկարժեք բուժման ճյուղը՝ իմունոթերապիան դուրս է մնում փաթեթից:

«Կան այնպիսի ախտորոշումներ, որոնք ավելի լավ ելք են ապահովում, երբ որ բուժումն իրականացվում է ոչ միայն քիմիաթերապիայով և թիրախայինով կամ դրա փոխարեն իմունոթերապիայով, որին կարծում եմ, աստիճանաբար, մի քանի տարիների ընթացքում կկարողանանք գալ հասնել: Արդեն վիրահատությունը, ճառագայթային բուժումը ծածկվում է պետպատվերով և այս համապարփակ ծրագրի շնորհիվ նաև ավելանալու է դեղորայքային ծածկույթը, դրանով արդեն բավականին օգնած կլինեն պացիենտներին», - ընդգծեց Մարտիրոսյանը:

Իշխանությունը խոստանում է, որ պոլիկլինիկական ծառայություններն այս ընթացքում կվերազինվեն, կվերապատրաստվեն բժիշկները, կբարձրացվի նրանց աշխատավարձը, որ համակարգի ամբողջական ներդրման ընթացքում առաջնային այս օղակը պատրաստ լինի ավելի լավ աշխատել։

«Առողջապահության իրավունք» ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանն ասում է՝ պոլիկլինիկաները հիմնականում մնացել են սովետական տրամաբանության մեջ՝ չնայած որոշ դրական փոփոխությունների։ Ոլորտում երկար տարիներ ղեկավար, տարբեր պաշտոններ զբաղեցրած Վարդանյանն ասում է՝ ժամանակն էլ պոլիկինիկական ծառայությունների ձևը փոխել, միևնույնն է մարդիկ հիմնականում նախ հիվանդանոց են գնում, հետո պոլիկլինիկա:

«Ի՞նչ եմ առաջարկում, այն մարդիկ, ովքեր հավաքագրված են իրենց թերապևտների, ընտանեկան բժիշկների, մանկաբույժների մոտ, նեղ մասնագիտական կոնսուլտացիաները, խորհրդատվությունները, բուժումները իրականացնել այն նեղ մասնագիտական բժիշկների մոտ, որոնք հիմնականում աշխատում են հիվանդանոցների արտահիվանդանոցային մասում, միևնույն ժամանակ պետք է ստեղծվեն մի քանի կենտրոններ լաբորատոր գործիքային հետազորությունների, որոնք կլինեն շատ պրոֆեսիոնալ, նորարարական և հետազոտություններ անելիս էլ ես որպես քաղաքացի պետք է ընտրեմ, թե որտեղ եմ հետազոտություն ուզում իրականացնել, գումարը պետք է գնա այդ հետազոտություն իրականացնող կազմակերպությանը», - նշեց նա:

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն այդպես էլ այսօր ներկայացված հայեցակարգում չգտավ իրեն հուզող շատ հարցերի պատասխանները՝ ինչպե՞ս և ո՞վ է վերահսկելու ծառայությունների որակը, ի՞նչ է արվելու, որ մասնավոր ապահովագրական կազմակերպությունների ու նոր ստեղծվելիք պետականի միջև վեճեր չծագեն և դրանից բուժառուն չտուժի, ինչպե՞ս են ֆինանսական հոսքերը կառավարվելու, որ տարվա կեսից դրանք չավարտվեն, որ մարդն իր վճարած գումարի դիմաց կիսատ ծառայություն չստանա։

XS
SM
MD
LG