Բնակելի շենքը կտուժի, գուցե նաև փլուզվի, եթե պայթեն շենքերին մոտ գտնվող բենզա և գազալցակայանները։ Դրանք պետք է բնակելի շինություններից առնվազն 25 և 50 մետր հեռավորության վրա լինեն։ «Ազատության» տեսախցիկը երկու ժամում մայրաքաղաքում շենքերին շատ մոտ առնվազն վեց լցակայան արձանագրեց։
Պատասխանատուներն ընդունում են՝ իրական պատկերն առավել քան մտահոգիչ է. Հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ Երևանում գործող 100-ից ավելի բենզալցակայանների 90 տոկոսը խախտումներով է աշխատում. - «Այդ բենզալցակայանները հիմնականում տեղակայված են այնպիսի վայրերում, որտեղ դրանց տեղակայումն անթույլատրելի է, իսկ բենզալցակայաններում հայտնաբերված կոպիտ խախտումները ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և դրա հետևանքով հասարակության անվտանգության համար: Դրանց զգալի զանգվածը վստահաբար կարող ենք ֆիքսել, որ չեն կարող և հնարավորություն չունեն վերացնելու այն խախտումները, որոնք արձանագրվել են, հետևաբար գործունեությունը կասեցվել է և չի վերաբացվելու»:
Հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի փոխանցմամբ՝ հիմա կարգը խստացվել է, Երևանում երկու լցակայան արդեն փակվել է, ևս մեկ տասնյակի գործունեությունն էլ կասեցնելու որոշում կա:
«Հիմնականը միջտարածությանն է վերաբերվում, ռեզերվուարները բնակավայրերում պարտադիր պետք է ստորգետնյա լինեն, բենզալցակայաններ կան, որ ստորգետնյա չեն, վերգետնյա են: Դեպքեր կան նաև, որ օպերատորականի տանիքում է տեղադրված ռեզերվուարը, որն իրենից վտանգ է ներկայացնում: ԱԳԼՃԿ-ների դեպքում նորից ունենք միջտարածության խախտումներ, հեղուկ գազերի դեպքում էլ: Հիմնականում միջտարածության խախտումներն են, արտաքին ջրամատակարարման հետ կապված խնդիրներ ունենք», - ասաց Խաչատրյանը:
Չձայնագրվելու պայմանով լցակայաններից մեկի ներկայացուցիչը դժգոհեց՝ «մենք բոլոր նորմերը պահպանելով աշխատել ենք, բայց տարիներ անց մեր քթի տակ բնակելի շենքեր են կառուցել, քանի՞ անգամ տեղափոխվենք, լցակայաններն անիվներ չունեն, որ առաջ ու հետ տանենք»։
Տեսչական մարմինն օրենսդրական փաթեթ է մշակել, այն շուտով կքննարկվի ԱԺ-ում
Այս հարցը նաև Ազգային ժողովում քննարկվեց։ Վերջին հարցուպատասխանի ընթացքում իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ արտերկրում գազաբենզալցակայանները հիմնականում քաղաքից դուրս են գործում, Հայաստանում՝ ճիշտ հակառակը։
«Մինչ օրս էդ հարցը ոչ մի կերպ մենք չենք կարողացել համակարգային լուծել, գիտեմ, որ տեսչությունը հիմա դրանով զբաղվում է, լուծում են, բայց ամեն դեպքում ունենք տեսանելի բազմաթիվ դեպքեր, որ ամեն օր ենք տեսնում: Օրինակ՝ Մխիթար Հերացի փողոցի վրա, երբ 5 մետր բնակելի շենքից կա բենզալցակայան, Մաշտոցի պուրակում, Ֆրիկի փողոցում: Աստված մի արասցե, եթե որևէ մի բան տեղի ունենա, մենք կրկին մեծ աղետներ ենք ունենալու: կարողանալո՞ւ ենք այդ հացը հնարավորինս արագ լուծել», - նշեց Թորոսյանը:
«Հարկավոր է այս հարցն արագ լուծել, առաջնային համարելով մարդու կյանքը»,- ասաց պատգամավորը:
«90-ականներից ժառանգած այս լցակայաններն ու տարբեր օբյեկտներ, հիմնականում գործում են քաղաքաշինական և հակահրդեհային նորմերին հակասելով»,- արձագանքեց վարչապետը՝ հավելելով՝ եթե այսօրվանից որոշեն փակել, ապա տնտեսության 30-40 տոկոսը կփակվի:
«Բենզինը կարա պայթի, բայց բենզինը կարա նաև չպայթի, եթե անվտանգային որոշակի ստանդարտներ ապահովված են, այդ առումով ընթանում են աշխատանքներ: 1-2 կոնկրետ իրավիճակներ եղել են, որոնք քննարկվել են, և այնքան ակնհայտ է եղել, որ հենց հիմա պետք է գնալ և տվյալ օբյեկտը փակել, բայց հետո պարզվել է, որ հանրապետությունում հարյուրավոր այդպիսի օբյեկտներ կան: Նախ՝ սահմանել խելամիտ ստանդարտներ, և երկրորդը, խելամիտ ժամկետներով և ժամանակացույցով այդ ստանդարտները կիրառել», - ընդգծեց Փաշինյանը:
Տեսչական մարմինն օրենսդրական փաթեթ է մշակել, այն շուտով կքննարկվի ԱԺ-ում, եթե հաստատվի՝ կհստակեցվեն վարչապետի նշած ստանդարտները, տեսչականն էլ ավելի լայն գործիքակազմ ու հնարավորություններ կստանա։ Մինչ այդ, սակայն, պատգամավորն առաջարկում է արագ գործել. «Բալանսավորված, բայց կյանքն առաջին տեղ դնելով գնանք առաջ»:
Վարչապետն արձագանքեց՝ «հարցը ուսումնասիրության առարկա է»:
Շաբաթներ առաջ էր, երբ Վանաձորում գազալցակայան էր պայթել, տուժած երեք աշխատակիցները խորն այրվածքներով տեղափոխվել էին Երևանի այրվածքաբանական կենտրոն։ Իրավապահների նախնական վարկածով՝ ճամփեզրին գործող այս գազալցակայանում անվտանգության կանոններն են խախտվել։ Պայթյունը լսել էին հարակից շենքերում:
Մինչ պաշտոնյաներն ընդունում են, որ այս ոլորտում բարձիթողի ու վտանգավոր վիճակ է, «Ազատության» ֆիքսած լցակայաններն անարգել իրենց աշխատանքն են շարունակում, դրանք հիմնականում բնակելի շենքերին շատ մոտ են տեղակայված։