Մատչելիության հղումներ

Վանաձորում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից երեք մարդ է տուժել


Armenia - Explosion at the gas station on the Vanadzor-Stepanavan highway, 31Jan2023
Armenia - Explosion at the gas station on the Vanadzor-Stepanavan highway, 31Jan2023

Այսօր Վանաձորում գազալցակայանի պայթյունից երեք մարդ է տուժել։ Երեքն էլ լցակայանի աշխատակիցներ են եղել։ Տուժածներից երկուսն ավելի ուշ տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանական կենտրոն։ Նրանց այրվածքներն ավելի խորն են եղել։

Ըստ Ներքին գործերի նախարարության, առավոտյան պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում, այրվել են տանիքի փայտե մասերն ու արտահոսած գազը։

Հարակից շենքերի բնակիչներն ասում են՝ ձայնն ուժգին էր։ Երկրաշարժի են նմանեցրել, հետո՝ հրդեհ տեսել. - «Պատուհանները դմբաց, էս շուշեքը-բանը... գմփոց։ Ինձ թվաց... ասի էս ի՞նչ ընգավ, տեղիցս ծուլ էլա, մեկ էլ տենամ գազի զապրավկեն բոց... Պաժառնիներն էկան, շտապօգնություն-բան էկան, հանգցրեցին։ Բայց թե ինչ ա կատարվել, էլ արդեն տեղյակ չեմ»։

Գազալցակայանի աշխատակիցներն այսօր հրաժարվեցին խոսել՝ ինչի՞ հետևանքով կարող էր տեղի ունենալ պայթյունը։ Ասացին՝ քննիչները եկել են, ուսումնասիրել տարածքը, կապարակնքել դռներն ու հեռացել։

Դեպքից ժամեր անց Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության՝ օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելու հոդվածով։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ասում են՝ Ստեփանավան տանող ճանապարհին գործող այս ավտոգազալցակայանում անցած տարվա ամռանն են ստուգում իրականացրել և պարզել, որ սեփականատերը՝ «Գազարտ» ընկերությունը տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն չի անցել։ Տուգանել են մեկ միլիոն դրամ։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանն ասում է. - «իսկ արդեն մեր տուգանքի կիրառումից հետո ինքը 2022 թվականի սեպտեմբերի 7-ին համապատասխան փորձաքննություն է անցկացվել, որպես արտադրական վտանգավոր օբյեկտի և ստացել է շահագործման դրական եզրակացություն»։

Տուգանքից հետո ընկերությունն օրենքով նախատեսված փորձաքննությունն անցել է ու դրական եզրակացություն ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից։

Արդյո՞ք տեսչական մարմինն ամիսներ առաջ փորձագետների տված դրական եզրակացությունը կասկածի տակ առնելու հիմքեր ունի։ Պետական կառույցի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանն ասաց՝ նախաքննությանը կսպասեն, բայց նշեց՝ 10 օր առաջ Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո տեսչական մարմինն ինտենսիվ ստուգումներ է սկսել գազաբենզալցակայաններում։ Եվ արդեն մեկ դեպք ունեն, երբ փորձագետի նախկինում տված եզրակացությունը կասկածելի են համարել ու ստուգելու համար վարչական վարույթ սկսել. - «Ունենք դեպքեր, երբ որ նաև փորձագետների նկատմամբ ենք վարույթ հարուցում՝ կասկածի տակ դնելով փորձագիտական տրված եզրակացությունը»։

Այսօր երեք մարդու այրվածքների պատճառ դարձած գազալցակայանը, ըստ պաշտոնական տվյալների, պատկանում է 2018-ի հունիսին գրանցված «Գազարտ» ընկերությանը, որի սեփականատերը վանաձորցի Արտակ Աբազյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG