Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամին մեղսագրվում է խմբակային ավազակություն


Գյումրու ավագանու անդամ Աղասի Մաթևոսյան
Գյումրու ավագանու անդամ Աղասի Մաթևոսյան

Գյումրիում օրերս տեղի ունեցած խուլիգանության ու հափշտակության գործով կալանավորվածներից մեկը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Տեղեկությունը հաստատեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

«Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել քրեական հետապնդում իրականացնելու Աղասի Մաթևոսյանի և նրա երեք ընկերների նկատմամբ։ Այս պահին, իմ տեղեկություններով, երկու հոդվածով է նրանց մեղադրանք առաջադրվել։ Մեկը խմբակային ավազակությունն է, մյուսը փաստաթուղթ հափշտակելը։ Նաև երեկ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանքը ընտրելու, և արդեն երեկ դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և երկամսյա կալանք է նախատեսվել», - ասաց նա։

Ոստիկանության փոխանցմամբ, փետրվարի 3-ին, գիշերը ժամը երեքի սահմաններում Գյումրիի ռեստորանային համալիրներից մեկի մոտ մի քանի տղամարդիկ խուզարկել, ապա խլել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հեռախոսն ու դրամապանակը՝ 910 եվրոյով, նաև այդ քաղաքացու ընկերուհու ՌԴ անձնագիրն ու հեռախոսը։ Տուժածները տեղի ունեցածի մասին հայտնել են մոտակայքում գտնվող պարեկներին, ավելի ուշ ոստիկանությունը 4 տղամարդու է ձերբակակել։

Ոստիկանությունը անուններ չի նշում, Քննչական կոմիտեից էլ «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ միջադեպի բոլոր մասնակիցները կալանավորվել են։

Աղասի Մաթևոսյանը ավագանու մանդատը մոտ մեկ տարի առաջ էր ստացել, երբ խմբակցությունից մեկը ինքնաբացարկ էր ներկայացրել։

Հարցին, թե արդյոք կալանավորված ավագանու անդամին մանդատից զրկել-չզրկելու հարցն իշխող ուժի օրակարգում է, Քնարիկ Հարությունյանը պատասխանեց. - «Այս պահին նման քննարկումներ չկան, որովհետև, ամեն դեպքում, գործը նախաքննության փուլում է, և անմեղության կանխավարկածի հանգամանքը կա։ Իսկ անմեղության կանխավարկածի խաթարումը, ինչպես գիտեք, խնդրահարույց է շատ ոչ միայն անձի իրավունքների, այլ նաև քննության հետագա ընթացքի տեսանկյունից։ Դրա համար այս փուլում ես չէի ցանկանա վաղաժամ գնահատականներ հնչեցնել ու այս մասով մեկնաբանություն անել։ Երբ որ արդեն գործի բոլոր մանրամասները պարզ կլինեն, երբ որ կհասկանանք իրականում ինչ է տեղի ունեցել, նոր միգուցե նմանատիպ որոշում կայացնելու կամ չկայացնելու պատճառ լինի»։

Աղասի Մաթևոսյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է, հայրն էլ այս պահին համայնքապետարանի ենթակայությամբ գործող ավտոբուսային պարկի տնօրենն է։

Քնարիկ Հարությունյանն ասում է՝ անկանկալի են եկել։ Վստահեցնում էր՝ անկախ կուսակցական պատկանելությունից, օրենքի առաջ բոլորն են հավասար. - «Եվ այո, եթե ցանկացած անձ թույլ է տվել օրենքի խախտում, իրականացրել է ինչ-որ զանցանք, հանցանք, ապա օրենքի ուժով պետք է պատասխանատվություն կրի և պատժվի»։

Աղասի Մաթևոսյանի փաստաբաններն այսօր հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։

Ամիսներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ՝ Երվանդ Խանամիրյանն էր աղմկահարույց պատմության կենտրոնում հայտնվել, երբ Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում ապօրինի շինարարութուն էր սկսել։ Առանց շինթույլտվության կառուցված շենքը հենց քաղաքապետարանն էլ ապամոնտաժեց։

XS
SM
MD
LG