Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետարանն արձանագրել է, ավագանու անդամը քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում


Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում, արձանագրել է քաղաքապետարանը։ Ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանը, չունենալով շինթույլտվություն, Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի վրա շինության հիմք է դրել ու սկսել պատերը կառուցել։

Ի պատասխան հարցին, թե լինելով քաղաքային իշխանության անդամ ինչո՞ւ է ապօրինի կառուցապատում իրականացնում, «Քաղաքացիական պայմանագրի» անդամը չնկարահանվելու պայմանով ասաց, որ դիմել է քաղաքապետարան շինթույլտվություն ստանալու համար։

«Ես դիմում ներկայացրել եմ Գյումրիի համայնքապետարան, բայց դիմումս ոչ թե ներկայացրել եմ որպես ավագանի, այլ ներկայացրել եմ, որպես Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացի, ներկայացնելուց հետո ինձ գրություն են ուղարկել, որ երեք շահագրգիռ կողմից բերեմ համապատասխան թղթերը: Ես նույն օրը տարել եմ համապատասխան թղթերը, միայն «Վեոլիա ջուրը»՝ օնլայն, ու մինչև օրս ոչ մի տիպի արձագանք չկա՝ սկսեմ, չսկսեմ, ինչ անեմ: Մենք էլ մարդ ենք, վարկ ենք վերցրել, ուզում ենք մենք էլ մեր ներդրումն ունենալ մեր քաղաքի համար: 10 օրից շատ անցել է, ու ես 10 օր շինարարություն եմ անում, մի հոգի չի եկել ինձ զգուշացրել, որ դուք ապօրինի շինարարություն եք անում, չի կարելի: Փողոցի շինարարության ժամանակ ես ունեցել եմ փողոցի վրա տաղավար ու էդ ժամանակ քաղաքապետարանն էս նույն տեղը տրամադրել է ինձ, որպեսզի ես իմ տաղավարը դնեմ: 2-3 տարի առաջ կարելի էր, հիմա չի՞ կարելի, էդ չեմ հասկանում», - ասաց Խանամիրյանը:

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հակադարձում է՝ թույլտվություն ստանալու ընթացակարգը կարող է ամիսներ տևել. - «Շինարարության թույլտվություն ստանալը էդպիսի սրընթաց գործընթաց չէ, որ դիմումը տան ու միանգամից պատասխանը ստանան կամ չստանան: Ցանկացած դիմում կարիք ունի ուսումնասիրման»:

Ավագանու անդամը չի ընդունում է, որ ապօրինություն է թույլ տվել. - «Եթե էդ տեղն ինձ տրամադրել են երեք տարի առաջ, դրա անօրինականությունը ո՞րն է, ես էդ կուզեմ հասկանալ: Ոչ միայն ինձ, հազար հատ տաղավար են հեռացրել, տարել ուրիշ տեղ դրել են, իմ տաղավարը, որ ավտոտեխսպասարկում էր, բնակչին խանգարում էր, չէր լինի, 3 տարի առաջ կարելի էր, հիմա չի՞ կարելի, չգիտեմ՝ որտե՞ղ եմ ես օրենքը խախտել»:

Իսկ քաղաքային իշխանությունները ապօրինի կառուցապատում իրականացնելու դեպքով արդեն դիմել են իրավապահներին:

«Հանձնարարվել է, որպեսզի վերացնեն ապօրինությունը և տարածքը բերեն նախկին տեսքին, բայց սկսել էր այդ շինարարությունը իրականացնել, մեր կողմից ոստիկանություն համապատասխան գրություն է ուղարկվել, որպեսզի ձեռք առնեն համապատասխան միջոցներ ու հայտնաբերեն կոնկրետ ինքնակամ շինարարություն իրականացնողին», - ասաց Հենրիկ Գասպարյանը:

Գյումրիի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ կան դեպքեր, երբ ապօրինի շինարարության համար մի քանի անգամ տուգանել են կառուցապատողին, բայց շինարարությունը շարունակվել է:

«Քաղաքապետարանն իր գործընթացը կատարել վերջացրել է, հիմա իրավապահ մարմինների դաշտում է, իրավապահները պետք է կասեցնեն», - նշեց նա:

Ըստ Գասպարյանի՝ տասնյակ դեպքերով դիմել են իրավապահներին, սակայն հաճախ նրանց էլ չի հաջողվում կասեցնել ապօրինի շինարարությունը:

Գյումրիի կենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցի այգին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և եղբորը պատկանող ընկերությունը առանց շինթույլտվության կառուցել ու արդեն շահագործում է: Գյումրիի քաղաքապետարանը 2 անգամ վարչական վարույթով տուգանել է մեկ անգամ 200 հազար դրամ, երկրորդ անգամ 2.5 մլն դրամ ու դիմել է իրավապահներին որպեսզի կասեցվի ապօրինի շինարարությունը։

«Սայաթ-Նովայի վրայի այգու մասին է խոսվում, դա ժամանակին վարձակալության տրված է եղել, միշտ շատ վատ, անմխիթար վիճակում է եղել, չգիտեմ ինչի միանգամից որոշեցին, որ պետք է բարեկարգեն, դրա մի հատվածը համայնքային հողամաս է, տրված է վարձակալության արդեն ժամկետը չգիտեմ լրացել էր, թե լրանալու վրա էր: Այդ հարցով նույնպես դիմել ենք իրավապահ մարմիններին, իրենք զբաղվում են», - ասաց Գասպարյանը:

Նախկին քաղաքապետի ընկերության կողմից ապօրինի շինարարության դեպքով համայնքապետարանը դիմել է նաև մարզի դատախազին: Այնտեղից փոխանցեցին, որ ընթանում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG