Մատչելիության հղումներ

Պատերազմում առնվազն 538 մոբիլիզացված ռուսաստանցի է մահացել


Ռուսական զորքերն Ուկրաինայում, արխիվ
Ռուսական զորքերն Ուկրաինայում, արխիվ

Ուկրաինայի պատերազմում առնվազն 538 մոբիլիզացված ռուսաստանցի է մահացել: BBC-ն և «Մեդիազոնա»-ն համատեղ իրականացրել են մահացածների անուններով հաշվարկ և շեշտում են՝ օգտվել են բացառապես բաց աղբյուրներից:

Զոհերի իրական թիվը, լրագրողների կարծիքով, կարող է շատ ավելի մեծ լինել:

Ընդ որում, երեկ հրապարակված այս թիվը չի ներառում Ամանորի գիշերը Դոնեցկի մարզի Մակեևկայում զորանոցի հրետակոծության ժամանակ զոհվածների մասին տվյալները, քանի որ նրանց անունները դեռ հայտնի չեն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաստատել է, որ հունվարի 1-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքին: Նախարարության տվյալներով՝ HIMARS հրթիռների հարվածների հետևանքով 63 ռուս զինվոր է զոհվել: Նախկինում Կրեմլին մոտ կանգնած Տելեգրամ ալիքները պնդում էին հարյուրավոր զոհերի մասին:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նույնպես երեկ հաստատել է հարվածը Մակեևկային: Հաղորդագրությունում ասված է, որ ոչնչացվել կամ վնասվել է 10 միավոր զինտեխնիկա: Անձնակազմի կորուստների մասին, սակայն, հաղորդագրությունում նշված չէ: Ավելի վաղ ուկրաինական բանակի ռազմավարական հաղորդակցության վարչությունն իր Տելեգրամ ալիքում պնդել է, թե զոհվել է մոտ 400 մարդ, ևս 300-ը վիրավորվել է:

Դոնեցկի անջատողականնների զինված ուժերի նախկին ղեկավար Իգոր Ստրելկովը նույնպես հայտնել է, որ զոհվածների և վիրավորների թիվը հասնում է հարյուրների:

Հարվածը հասցվել է Մակեևկայում գտնվող արհեստագործական ուսումնարանի շենքին, որտեղ տեղակայված էին մոբիլիզացված զինվորականները: Տեսագրությունից երևում է, որ ուսումնարանի շենքն ամբողջությամբ ոչնչացվել է:

Ուկրաինական ալիքները հայտնել են, որ հավաքվածները մոբիլիզացվել էին Սամարայի մարզից, ինչը հաստատել է մարզի նահանգապետ Դմիտրի Ազարովը: Երեկոյան նա հանդիպել է մարզի բնակիչներին:

Տարբեր Տելեգրամ ալիքներ, իրենց հերթին, հայտնում են, որ հրետակոծությունից փրկված որոշ զինծառայողներ զանգահարել են հարազատներին և պատմել մեծ թվով զոհվածների մասին:

ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունն էլ հայտնել է, թե Ամանորի գիշերը ռուս զինվորականներն ակտիվ օգտագործել են բջջային հեռախոսները, ինչն էլ թույլ է տվել Ուկրաինայի զինված ուժերին՝ հարված հասցնել:

Անգամ 63 զոհը մեկ հարձակման արդյունքում Ռուսաստանի կողմից ճանաչված ամենամեծ կորուստն է պատերազմի սկզբից ի վեր:

XS
SM
MD
LG