Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանում ներկայացվել է սեպտեմբերյան հարձակումից հետո Ադրբեջանի կողմից գրավված տարածքների քարտեզը


Սեպտեմբերյան լայնածավալ ռազմական հարձակումից ավելի քան 4 ամիս անց հայկական կողմն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել է Ադրբեջանի կողմից գրավված տարածքների քարտեզը։

Քարտեզը ներկայացվեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի լսումների ժամանակ։ Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Շոն Մըրֆին քարտեզը Հաագայի դատարանում ցույց էր տալիս՝ փաստելու, որ հայցի ներկայացման առիթ դարձած հայկական ականները ոչ թե Ադրբեջանի, այլ հենց Հայաստանի ինքնիշխան տարածքներից են, որոնք օկուպացրել է Ադրբեջանը։

Բաքուն միջազգային ատյանում Հայաստանին մեղադրում է «ադրբեջանական տարածքների ականապատման» և Լաչինի միջանցով Ղարաբաղ «ականներ տեղափոխելու» համար։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից դատարանին տրամադրված լուսանկարներում ցուցադրված ականներն Ադրբեջանը վերցրել է Հայաստանի ինքնիշխան տարածքներից 2021 և 2022 թվականների ագրեսիայի ընթացքում», - դատարանում ասել է Մըրֆին։

Պաշտպանության նախարարության պատրաստած քարտեզում առանձին գույներով նշված են նաև 2021-ի մայիսին ու նոյեմբերին Ադրբեջանի գրաված տարածքները։ Ընդ որոում՝ քարտեզից պարզ է դառնում, որ Ադրբեջանը մեծ ծավալով տարածքներ է զավթել 2021-ի մայիսի ու 2022-ի սեպտեմբերի ներխուժումների ընթացքում։

Շահեն Շահինյան, Քարտեզագիր - «Նույնիսկ մասնավոր աղբյուրներում չէին հրապարակվել հստակ սահմաններ ցույց տվող հատվածներ։ Օրինակ, Ջերմուկի հատվածում բոլորս գիտեինք, որ ներխուժումը մեծ է, բայց որ այսքան խորությամբ է, դա առաջին անգամ էր երևում», - ասում է քարտեզագիր Շահեն Շահինյանը։

2020-ից Հայաստանի սահմանների փոփոխություններն ուսումնասիրող քարտեզագիրն ասում է՝ Հաագայի դատարանում ներկայացված քարտեզը մասնագիտական տեսանկյունից, այնուամենայնիվ, գերճշգրիտ չէ։ Ըստ մասնագետի, դրանում կարող է արտացոլված չլինեն ադրբեջանական ներխուժումների հետևանքով չեզոքի գոտի դարձած տարածքներն ու այլ գրավված հատվածնները, որոնք ծավալով շատ ավելի փոքր են. - «Քարտեզը մանրակրկիտ տվյալներ չի պարունակում։ Այսինքն՝ կարող են լինել խորացումներ 200-300 մետր, որ քարտեզում չերևա։ Դա քարտեզի մաշտաբի խնդիրն է։ Այս հրապարակված քարտեզով խնդիր չի դրվել ներկայացնել հստակ մակերեսներ, այլ խնդիր է դրվել ներկայացնել տարածքներ և այն լայնամասշտաբ օկուպացիան, որը Ադրբեջանը փորձ է արել և տեղ-տեղ հաջողացրել է իրականացնել»։

Պաշտոնյաները մինչ այս պահը տարբեր թվեր են հնչեցնում, թե որքան տարածք է գրավել Ադրբեջանը Հայաստանից՝ 130-ից մինչև 140 քառակուսի կիլոմետր։ Քարտեզագիրն ասում է՝ կախված մեթոդաբանությունից թիվը կարող է փոխվել։ Իրենց գնահատականով, 100 քառակուսի կիլոմետր է Ադրբեջանը օկուպացրել Հայաստանի Հանրապետությունից. դրանում չեզոք գոտին ներառված չէ։

Ավելի պատկերավոր դարձնելու համար, թե ինչքան է Հայաստանի կորուստը, մասնագետը համեմատություն է անում; - «Երևան մայրաքաղաքի մակերեսը 220 քմ կմ է, այսինքն՝ մոտ կես Երևան գրավյալ տարածք կա, կամ ավելի, քան Գյումրի քաղաքը, ավելի քան Վանաձոր քաղաքը»։

«Էս տարածքները, որ էստեղ նշված են, սրանք Սոթքի մոտի տարածքներն են, որոնք ադրբեջանցիները գրավել են։ էս փոքրերը, որ տեսնում եք, հիմնականում բարձունքներ են։ Դրանք գրավել են, որպեսզի վերահսկեն հայկական տարածքները», - ասում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։

Հրապարակված քարտեզը փաստում է՝ Ադրբեջանը Հայաստանից կարևոր ռազմավարական բարձրունքեր է գրավել Գեղարքունի, Վայոց Ձորի ու Սյունիքի հատվածներում։ Գալչյանը հատկապես Ջերմուկի հատվածում ադրբեջանական ներխուժման ծավալը հաշվի առնելով՝ ենթադրում է՝ Բաքուն նպատակ է ունեցել սեպտեմբերին այս հատվածով միջանցք բացել դեպի Նախիջևան. - «Իրենք հիմնական նպատակը երևէ այն է եղել, որ Սյունիքի այսպես ասած միջանցքը այս ուղղությամբ, որ ամենակարճ ճանապարհն է Նախիջևանի և Ադրբեջանի միջև, այստեղով լինի։ Այսինքն՝ Հայաստանը էստեղից կտրել երկու մասի, Սյունիքն ու Վայոց Ձորը ընդհանրապես կապ չունենան Հայաստանի մնացորդի հետ»։

Թե ինչու մինչ այս իշխանությունը չէր հրապարակում Հայաստանից զավթած տարածքների քարտեզն ու սահմանափակվում իշխանական տարբեր պաշտոնյանների շուրթերից հնչող ու կորցած տարածքների մասին իրարից տարբերվող թվերով, կառավարությունից դեռ չեն պարզաբանում՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։ Ռազմական գործողություններից ավելի քան չորս ամիս անց չի հրապարակվել նաև կորսված դիրքերի ստույգ թիվը։

XS
SM
MD
LG