Մատչելիության հղումներ

ԵՄ ղեկավարությունը ժամանել է Կիև, որտեղ կգումարվի Ուկրաինա - ԵՄ գագաթնաժողովը


Եվրոպական հանձնաժողովի և Ուկրաինայի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Վլադիմիր Զելենսկին, Կիև, 2 փետրվարի, 2023թ.
Եվրոպական հանձնաժողովի և Ուկրաինայի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Վլադիմիր Զելենսկին, Կիև, 2 փետրվարի, 2023թ.

Այցը՝ բոլոր ուկրաինացիներին սատարելու հզոր ազդանշան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ևս 14 առանցքային հանձնակատարներ այսօր ժամանել են Կիև, որտեղ վաղը՝ փետրվարի 3-ին, կգումարվի Ուկրաինա - Եվրամիություն գագաթնաժողովը:

«Ժամանեցինք հզոր ազդանշան տալու առ այն, որ Եվրոպական միությունը սատարում է բոլոր ուկրաինացիներին», - Twitter-ում գրել է Բորելը և նշել, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Եվրամիությունը 50 միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել Ուկրաինային:

Վաղը նախատեսված Եվրոպական հանձնաժողովի և Ուկրաինայի կառավարության հանդիպման ընթացքում կքննարկվի երկրի վերականգնումը և նրա անցած եվրոպական ճանապարհն ու Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը:

«Հարձակումներն արդարացնելու ռուսների փորձերը ոչինչ չարժեն»

Բայց այսօր օրակարգում պատերազմն է: Ռուսները շարունակում են օդային գրոհները: Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է վերջին հարվածների մասին:

«Ռուսաստանի զինված ուժերը Կուպյանսկի ուղղությամբ հարվածներ են հասցրել ուկրաինական հրետանու 88 հենակետերին, 131 շրջաններում հարվածներ են հասցվել մարդուժին և տեխնիկային», - ասել է գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

Ուկրաինացիներն ասում են, որ ռուսական հրթիռների թիրախում էր նաև Կրամատորսկ քաղաքի բնակելի թաղամասը, որտեղ առնվազն 3 մարդ է զոհվել:

«Սա քաղաքի կենտրոնն է, այստեղ միայն խաղաղ բնակիչներ են ապրում, նման հարձակումներն արդարացնելու ռուսների բոլոր փորձերը ոչինչ չարժեն», - ասել է Դոնեցկի շրջանի նահանգապետ Պավլո Կիրիլենկոփն:

Մոսկվան հավատում է, որ երկիրը հզորացած դուրս կգա պատերազմից

Մինչդեռ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդես է եկել ծավալուն մեկնաբանություններով՝ ասելով, թե Ռուսաստանն ամեն բան կանի, որ «հատուկ ռազմական գործողության» առաջին տարվա կապակցությամբ Արևմուտքի ծրագրած հակառուսական միջոցառումները ստվերում մնան:

Նա սպառնալից ակնարկ է արել առ այն, որ Մոսկվան նույնպես պատրաստվում է առաջին տարելիցին և ծրագրում է համապատասխան միջոցներ:

«Ես միանշանակ խաղաղության կողմնակից եմ։ Չեմ հիշում, թե ով է ասել «ուզում ես խաղաղություն պատրաստվիր պատերազմին»։ Ես դրա հետ համաձայն չեմ, ես կասեի է «ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր միշտ քեզ պաշտպանել», - ասել է Լավրովը ռուսաստանցի հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում:

Մոսկվան այս պատերազմն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, թե երկիրն «ավելի հզորացած և դիրքերն ամրապնդած դուրս կգա հատուկ ռազմական գործողությունից»:

«Տվյալ փուլում մենք գործում ենք ճիշտ այնպես, ինչպես մեր արևմտյան գործընկերներն են ձևակերպել, այն է՝ «անհրաժեշտ է հաղթանակ ռազմի դաշտում»: Դա իրենց բանաձևն է, իրենք են հրաժարվել բանակցություններից և Կիևի ռեժիմին ստիպել լքել բանակցությունների սեղանն այն պահին, երբ [2022 թվականի] մարտ ամսվա վերջին կար հակամարտությունը քաղաքական ճանապարհով ավարտելու հնարավորություն», - ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարի խոսքով, Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողության» հարցում ՀԱՊԿ երկրների օգնությանը չի դիմել, քանի որ ունի այդ գործողությունը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ միջոցները:

Փետրվարի 24-ին լրանալու է ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցը

Փետրվարի 24-ին լրանալու է այդ, ինչպես Մոսկվան է որակում, «հատուկ ռազմական գործողության» առաջին տարին:

2022 թվականի փետրվարի վերջին ու մարտի սկզբին ռուսաստանցի իշխանամետ վերլուծաբաններից շատերը համոզված ասում էին, թե «գործողությունը կտևի մեկ, ամենաշատը՝ երկու շաբաթ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG