Մատչելիության հղումներ

«Ինձ ասաց՝ սա իմ երկիրն է, ուզածս կարող եմ անել». ինչի՞ց է ծագել հայերի ու հրեաների միջև միջադեպը


Ինչի՞ց է ծագել հայերի ու հրեաների միջև հերթական միջադեպը «Լացի պատի» ճանապարհին։ Երուսաղում բնակվող Զոհրապ Դեմիրճյանը «Ազատությանը» պատմեց՝ հունվարի 28-ին ինքն ու ընկերը տուն էին գնում, երբ հրեաները նախ սկսեցին հարվածել Հայոց պատրիարքարանի փողոցում կայանած տաքսիին, ապա նաև իրենց մեքենային:

«Ասում էինք իրենց, որ սա մեր ճամփան է, հայկական ճամփան է, մի քիչ այն կողմ գնացեք, որ մենք անցնենք, ինձ ասաց՝ սա իմ երկիրն է, ես ուզածս կարող եմ անել այստեղ», - պատմեց նա:

Դեմիրճյանն ասում է՝ մեքենաներին հարվածելուց հետո իրենց ու հրեաների միջև կռիվ է սկսվել, որից հետո հրեաներից մեկը հանել է արցունքաբեր գազը և փչել իր աչքերին. «Հետո մենք փորձեցինք նրանց բռնել, բայց ես այլևս չէի կարողանում դիմանալ, տուն գնացի, աչքի բժշկի գնացի, ինձ ութ օր արձակուրդ տվեցին, դեղեր նշանակեցին, որ կարողանամ հանգստանալ»:

Նույն օրը՝ ընդամենը մի քանի ժամ անց, հրեաների մեկ այլ խումբ փորձել է բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք, իջեցնել Հայաստանի եռագույնը և Երուսաղեմի խաչով հայկական սպիտակ դրոշը: Միջադեպի ականատես Սեդրակ Բալյանը պատմեց, որ երբ դրոշներն իջեցնելը չի ստացվել, հրեաները փախուստի են դիմել, որոշ ժամանակ անց վերադարձել դիմակավորված։

«Ուրեմն ուղղվում ենք դեպի իրենց վազելով, և այդ պահին իրենք սկսում են գոռալ՝ ահաբեկիչներ, ահաբեկիչներ: Ոստիկանները լսելով, որ կարող է ահաբեկչական գործողություն կա, միանգամից լարվում են, զենքերով ուղղվում են հայ երիտասարդներ: Մնացածը, բնականաբար, տեսարանը տեսնելուց ուզեցել են օգնել», - նշեց նա:

Պաշտոնական Երևանը դատապարտել է այս միջադեպերը։

«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին նկատմամբ վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,– Թվիթերում գրել է Արտգործնախարարության խոսնակը։

Հայաստանի խորհրդարանի հայ-իսրայելական բարեկամական խմբից էլ փոխանցում են՝ պատրաստվում են այս միջադեպերը քննարկել Քնեսեթի իրենց գործընկերների հետ։

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը նկատում է, որ նման միջադեպեր նախկինում էլ են եղել, բայց ոչ այսքան հաճախ։ Պատմեց, որ մի քանի օր առաջ էլ հրեաները հարձակվել էին հայկական ռեստորանի վրա, սկսվել էր աթոռակռիվ, որին ոստիկանությունը միջամտել էր միայն ժամեր անց։ Իրադարձությունների նման զարգացումը Չեռնամորյանը կապում է 2022-ի ընտրությունների ու, մասնավորապես, իշխանության եկած ծայրահեղ աջակողմյան ուղղադավան կրոնական կուսակցությունների հետ։

«Իտամար Բեն-Գվիրի մասին գուցե լսել եք, նախարարն է, որը «Հրեական ուժ-հզորություն» կուսակցության ղեկավարն է, ժամանակին ինքն էր հարձակումներ կատարում իր համախոհների հետ արաբների խանութների վրա և արաբների ունեցվածքն էր ջարդուփշուր անում, և նրա նկատմամբ, նույնիսկ քրեական գործեր են եղել նախկինում, և այս մարդը հիմա ղեկավարում է Անվտանգության նախարարությունը, որին ենթարկվում է նաև Իսրայելի ոստիկանությունը», - ասաց նա:

Ըստ իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահի՝ բռնության դեպքերի նման աճը ազդել է ոչ միայն հայերի, այլև ողջ քրիստոնեական համայնքի վրա: Ասում է՝ «Լացի պատ» գնալու ճանապարհին քրիստոնյաները հաճախ կարող են հանդիպել հրեա ծայրահեղականներին։ Հայոց պատրիարքարանը հնագույն այս սրբավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։

XS
SM
MD
LG