Երեկ երեկոյան Երուսաղեմում զինված տղամարդը կրակ է բացել սինագոգի այցելուների վրա։ Հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։ Վիրավորվել են ևս 3-ը` այդ թվում 15-ամյա դեռահաս։
Իսրայելական աղբյուրների համաձայն, հարձակվողը` Երուսաղեմի պաղեստինաբնակ թաղամասի 21-ամյա բնակիչ, սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։
Ոստիկանության ներկայացուցիչ Յակով Շաբթայի խոսքով՝ հարձակվողը «սկսել էր կրակել բոլոր նրանց վրա, ովքեր կանգնած էին իր ճանապարհին»:
Զինված այս միջադեպը հաջորդում է հունվարի 27-ի գիշերը իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հրթիռային հարվածներին, որոնց հետևանքով կան զոհեր՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Իսրայելական ուժերը պնդում են, որ թիրախը պաղեստինցի զինյալներն էին:
Տարածաշրջանում իրավիճակը սրվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մերձավորարևելյան շրջագայությանն ընդառաջ։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հունվարի 29-30-ը նախատեսում է այցելել Եգիպտոս, Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափ։