Մատչելիության հղումներ

«Մալաթիայի» աշխատակիցները հարց են բարձրացնում՝ տոնավաճառի փակվելու դեպքում զրկվում են օրվա հացից


Տեսչական մարմնի որոշմամբ հակահրդեհային կանոնների խախտման պատճառով վաղվանից կասեցվելու է «Մալաթիա» տոնավաճառի աշխատանքը։ Շուրջ 600 տաղավար ունեցող տոնավաճառի աշխատակիցներն ասում են՝ եթե ստուգումները խստացվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունից հետո, ապա ինչո՞ւ է այդ շուկան դեռ գործում՝ հնարավորություն ունենալով խախտումներն աշխատանքին զուգահեռ վերացնելու, բայց իրենց առևտրի կենտրոնը միանգամից փակվում է:

«Սուրմալուում» հրդեհ եղավ, դրանից հետո աշխատեց «Սուրմալուն», ու դրան զուգահեռ նորից շտկվեցին, ինչի՞ մեր դեպքում չի կարելի, մյուս դեպքում կարելի է: Խտրական վերաբերմունք չպիտի լինի», - ասում են նրանք՝ շարունակելով. «Մենք ուզում ենք աշխատենք, ընթացքում էլ այդ ամեն ինչը վերացնենք, չենք ասում չէ, չենք արհամարհում կառավարությանը»:

Եթե «Մալաթիա» առևտրի կենտրոնում տեսչականը 17 խախտում է արձանագրել, ապա «Սուրմալուում» դրանք շուրջ 60-ն էին, դրանց մի մասն անգամ պայթյունից հետո դեռ վերացված չէ։ Ստուգող մարմնից պատճառաբանում են՝ քանի դեռ նախաքննությունն ավարտված չէ, «Սուրմալուի» աշխատանքը կասեցնելու լիազորություն չունեն։

«Մալաթիայի» սեփականատեր Սամվել Ավետիսյանն ասում է՝ տեսչականին առաջարկել է իրենց գործունեությունն էլ չկասեցնել, շտկման աշխատանքներն էլ ընթացքում շարունակել, պատասխան են ստացել՝ ոչ, վտանգավոր է:

«Ազատության» հետ զրուցյում տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նախորդ շաբաթ ասել էր՝ «Մալաթիա» առևտրի կենտրոնի տարածքն ապահովված չէ ծխահեռացման համակարգով ու կրակն ավտոմատ մարող ջրաշիթերով։ Առևտրի կենտրոնում, ըստ նրա, կան դյուրավառ նյութերով կահավորված փակ հատվածներ, և հրդեհի առաջացման դեպքում ցուցադրված մի քանի կրակմարիչներով հնարավոր չի լինի կրակը չեզոքացնել։

«Տրամադրված ժամկետը բավարար էր, որ ողջ ծավալով, մեկ տարուց ավելի, ամբողջ աշխատանքները և խախտումները վերացնելու համար», - նշել էր նա:

Լրացուցիչ ժամկետ տրամադրել հնարավոր չէ՞, տոնավաճառի սեփականատերը այս հարցին չպատասխանեց, բայց կրկին պնդեց՝ խախտումների մեծ մասը վերացվել է, պահանջվող հիմնական աշխատանքները ժամանակատար են ու ծախսատար, առնվազն 3 ամիս է հարկավոր դրանք ավարտելու համար։

«Սեզոնային ապրանք վաճառող մարդն այդքան չի կարող անգործ մնալ, վարկեր ունի, կգնան ու էլ չեն գա», - մտահոգված է Ավետիսյանը:

Հարցին՝ ինչո՞ւ չեն շտկել, արձագանքեց. «Որովհետև իրենք տեղյակ են՝ ինչու չի շտկվել, ինձ էլ հարցրեցին, երբ որ ես ասացի, այդ հարցը իրենք դուրս հանեցին: Ինչը, որ հնարավոր եղել է, ես շտկել եմ, ամբողջ 5 հազար քառակուսի մետրը այդ ամբողջ փոփոխություններ կատարելը եթե կանգնեցնենք, ամիսներ կքաշի»:

«Ի՞նչ երեք ամիս, հիմա ստեղ սաղ էլ օրվա ապրող են, ո՞նց է էդպես լինելու: Հիմա որ երեք ամիս կոմունալ չվճարենք, բանկերի փողը չտանք, ի՞նչ է լինելու, իրենք կփակե՞ն մեր տեղը»:

Տեսչական մարմինից շարունակում են պնդել՝ առնվազն 16 մարդու կյանք խլած «Սուրմալուի» պայթյունից հետո իրենց աշխատանքի սկզբունքը փոխվել է՝ արձանագրված խախտումներից հետո փակման կարգադրագիր են տալիս։

«Դրանք երկակի մոտեցումներ են»,- նեղսրտում են տոնավաճառի աշխատակիցներն ու պնդում՝ հրավառ նյութեր չունեն, հրշեջ մեքենայի համար ճանապարհն ազատված է, անհրաժեշտ ջրի կայանն ունեն, մի քանի հարյուր կրակմարիչներ են տեղադրվել շուկայում, ծխի դեպքում անվտանգության ազդանշանը կմիանա, մնացածն էլ ընթացքում կարվի, ինչպես «Սուրմալուում»։ «Ճշտված է այդ խախտումներից մեկը, մնացածն էլ ընթացքում պարտադիր պետք է կատարենք»:

Օրական երկու հազարից երկու հազար հինգ հարյուր դրամ տեղի վճարով «որտե՞ղ կարող ենք աշխատանք գտնել», հարցնում են նրանք. «Բայց ո՞ւր ենք գնալու, մեզ թող տեղավորեն, եթե տենց ա: Էս տարիքում ես որ գամ ձեր մոտ աշխատելու, դուք ինձ կընդունե՞ք»:

«Հույս ունենք, որ կվերանայեն իրենց որոշումը, որովհետև էսքան մարդ չի կարա մնա անգործ, և վերջապես 28 տարեկանից ստեղ եմ, պիտանի էլ չեմ լինի անգամ հավաքարարության»:

Տնօրեն Սամվել Ավետիսյանը տեսչականին խնդրել է վաղն աշխատակցիներ ուղարկել տոնավաճառ, որ հասկանան՝ չարված աշխատանքների կատարման համար որքա՞ն ժամանակ է հարկավոր. «Պետք է մենք վաղը փակենք, իրենք մասնագետներ են ուղարկում, որովհետև իրենց գրությունները մեզ հասկանալի չեն: Ասացին՝ մարդ կուղարկենք, թող նայեն, տեսնենք՝ այդ թերությունները եթե կարճ ժամանակամիջոցում հնարավոր է մենք վերացնենք, կվերացնենք, եթե երկար պետք է տևի, պետք է փակենք և վերջացնենք»:

Տեսչականի որոշման համաձայն՝ առևտրի կենտրոնի դռները վաղվանից պետք է փակ լինեն, մինչև խախտումները կվերացվեն։

Մինչ առևտրի կենտրոնի սեփականատերն ու տեսչական մարմինը խախտումների վերացման հարցում համաձայնության չեն գալիս, աշխատակիցները հարց են բարձրացնում՝ զրկվում են օրվա հացից ու դատարկ գրպանով կանգնելու են բանկերի առաջ՝ բոլորը վարկեր ունեն։

XS
SM
MD
LG