Թուրքիայի վեց առաջատար ընդդիմադիր կուսակցություններին միավորող «Ազգային դաշինքը» այսօր հրապարակել է իր նախընտրական ծրագիրը։ 240 էջանոց փաստաթղթի հեղինակները մանրամասնորեն անդրադարձել են Թուրքիայում տիրող ներքաղաքական և տնտեսական կացությանը, առանձին գլուխ են հատկացրել արտաքին քաղաքականությանը։
Ընդդիմադիրները, մասնավորաբար, նշել են, որ ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստվում են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցել «հավասարության հիմունքների վրա»։ Ընդդիմադիր դաշինքը նաև խոստանում է ավարտին հասցնել ԵՄ անդամակցության գործընթացը և վերանայել 2016-ին Բրյուսելի հետ կնքված միգրացիոն համաձայնագիրը։
«Միացյալ ընդդիմության հաջորդ քայլը կլինի մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հստակեցումը։ Այդ որոշումը կհրապարակվի ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդների հաջորդ հանդիպմանը՝ փետրվարի 13-ին», - այսօր հայտարարել է Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։