Վերլուծաբանների համոզմամբ, Իրանի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սպահանում, կիրակի գիշերը անօդաչու սարքերի կողմից իրականացված հարձակումը դժվար թե վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների։
«Իսֆահանից բազմաթիվ վիդեոներ կան։ Մարդիկ նկարել են և' դրոնները դեռ չպայթած, և' պայթելուց հետո, և զարմանքով ասում են, որ դրոն կա Իսֆահանի երկնքում։ Ենթադրաբար, իրենք չգիտեն, որ պայթելու ա։ Բայց կան էդ կադրերը, որ պայթյուն ա տեղի ունեցել... հարված։ Այսինքն՝ էդպես չի, որ դրոնը վնասազերձվել ա երկնքում, այլ հարվածից հետո պայթյուն ա տեղի ունեցել», - նշում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մոնասյանը, ով երեկվանից իրանական բաց աղբյուրներում հետևում է այս զարգացումներին։
Նա արձանագրում է, որ Իրանը չի հաղորդում վնասների մասին, նաև չի նշում, թե որ երկրի ուժերն են խոցել գործարանը։ Նշվում է ընդամենը, թե թշանիմներն են հարձակվել։ Մինչդեռ արևմտյան մամուլը գրում է, որ հարվածների հետևում Իսրայելն է, թեև Թել Ավիվը չի մեկնաբանել այս տեղեկությունը. - «Ռազմական գործարան ա էղել։ Ոչ ոք կոնկրետ չգիտի ինչ ա արտադրում։ Որոշ աղբյուներ ասում են հենց դրոն արտադրող գործարան ա, որոշ աղբյուրներ ասում են, որ հրթիռներ արտադրող գործարան ա։ Բայց ռազմական օբյեկտ ա, համենանայն դեպս»։
Կարո՞ղ է Իրանի վրա այս հարձակումը լայնածավալ ռազմական գործողությունների վերաճել։ Մոնասյանը դա քիչ հավանական է համարում, թեև նշում է, որ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ ծավալով կարձագանքի այս հարձակմանը Իրանը. - «Կախված ա, թե Իրանի հետագա հարվածը ինչ պետք է լինի։ Ինչ-որ բան կանեն, որ ներքին լսարանին ասեն, որ տեսեք, մենք պատասխան հարված հասցրեցինք։ Հիմա էդ պատասխան հարվածը ինչքան համահունչ կլինի, դժվար ա ասել, բայց գոնե ներքին լսարանին կկարողանան դրանով համոզել։ Ինձ չի թվում, որ դրանով սկսվի ինչ-որ լայնածավալ պատերազմ տարածաշրջանում և այլն»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ ևս, տեսանելի ապագայում դժվար թե տարածաշրջանում լայանածվալ ռազմական գործողություններ սկսվեն։ Վելուծաբանն առնվազն հուսադրող է համարում այն հանգամանքը, որ այս օրերին ՄԵրձավոր Արևելք ժամանած ԱՄՆ-ը պետքարտուղարը խոսել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորության մասին։
Արևմտյան մամուլի փոխանցմամբ, այս օրերին Միացյալ Նահանգները և Իսրայելն ակտիվորեն քննարկում են ինչպես Իրանի միջուկային ծրագիրը, այնպես էլ Ռուսաստանի հետ խորացող ռազմական համագործակացությունը կանխելու ուղիները։
«Մենք տեսնում ենք նաև, որ Իրանը փորձում է դիմակայել այս ամեն ինչին, մենք տեսնում ենք նաև, որ էդ մեծ դիմակայության առումով ձևավորվում է Իրան - Ռուսաստան գործակցության սերտացում։ Ընդ որում, Վաշինգտոնը նաև բաց տեքստով ազդադարում է իր անհանգստությունը և այդ սերտացումը թույլ չտալու իր մտադրությունների մասին։ Էս ամեն ինչը, իհարկե, լարվածության շարունակական աճի նախանշաններ են, բայց լայնամասշտաբ էսկալացիա Իրանի շուրջ գոնե այս պահին տեսանելի ապագայում համարում եմ քիչ հավանական»։
Իրանում ծավալվող իրադարձությունները արդյո՞ք կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին։ Մասնավորապես, հնարավո՞ր է Բաքուն որոշակի քայլերի դիմի Սյունիքի հատվածում։ Քաղաքական մեկնաբանի խոսքով, որքան էլ որ Ադրբեջանը մեծ հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ, ինքը չի կարծում, թե Բաքուն կգնա այդ քայլին, քանի որ լայնածավալ ռազմական գործողություններն աղետալի կլինեն ոչ միայն տարածաշրջանի, այլև հենց Բաքվի համար. - «Ես կարծում եմ, որ մեծ հաշվով Ադրբեջանն ինքն էլ շահագրգռված չէ Կովկասում նոր մեծ պատերազմի բռնկումով, որովհետև այդ պատերազմը Բաքվի համար ամենևին չի լինելու այն, ինչ եղավ, օրինակ, 44-օրյա պատերազմի ընթացքում։ Եվ էստեղ անկանխատեսելիությունը այնքան մեծ է, որ Ադրբեջանն էլ շատ լավ պատկերացնում է, թե էնտեղ ինչպիսի վտանգներ կարող են պարունակել էսկալացիան, բախումը Իրանի հյուսիսային սահմաններում՝ Իրանի անմիջական ներգրավմամբ։ Անկասկած է, որ էստեղ Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ չեն մնալու դիտորդի դերում, և սա իսկապես աղետալի հետևանք է ունենալու ամբողջ ռեգիոնի, այդ թվում, կարծում եմ, նաև Ադրբեջանի համար»։
Բադալյանի համոզմամբ, լայնածավալ ռազմական գործողությունների ցանկություն չունենալը, դեռ չի նշանակում, որ Բաքուն խառը իրավիճակից չի օգտվի և չի դիմի Հայաստանի դեմ սադրանքների։ Դրանք կանխելու համար էլ Երևանը աշխատում է տարբեր գործընկերների հետ, և խոսքը ոչ միայն արևմտյան երկրների մասին է։ Օրերս Հայաստանում էր Եգիպտոսի նախագահը։ Այս այցը Բադալյանը ևս դիտարկում է անվտանգային քայլերի շրջանակում։