Մատչելիության հղումներ

Ռոման Աբրամովիչը հնարավոր է հայտնվի ԱՄՆ պատժամիջոցների տակ. WSJ


Ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը հնարավոր է նույնպես հայտնվի ԱՄՆ պատժամիջոցների տակ, քանի որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն հաստատելու նրա փորձերը ձախողվել են, ասվում է The Wall Street Journal-ի հրապարակման մեջ:

Մոտ մեկ տարի առաջ Աբրամովիչը փորձեց օգնել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, փրկել իր հեղինակությունն ու 15 միլիարդ դոլարի կարողությունը Արևմուտքում:

Հրապարակման մեջ ասվում է՝ արևմտյան քաղաքական գործիչները հույս ունեին, որ գործարարը կարող է ճանապարհ հարթել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բովանդակալից բանակցությունների համար, ում հետ նա սերտ կապեր ունի, բայց մարտական գործողությունների ավարտը չի երևում և ուկրաինացի, ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ «հրաժարվել են ակնկալիքներից, թե Աբրամովիչը կարող է առանցքային դեր խաղալ երկխոսության մեջ որպես միջնորդ»։

Հեղինակները գրում են, որ խաղաղ բանակցությունների ձախողումից հետո, որոնք նա օգնեց կազմակերպել ապրիլին, Աբրամովիչն այժմ նպաստում է ավելի կոնկրետ՝ գերիներին փոխանակելու, հացահատիկը Ուկրաինայից, իսկ ամոնիակը Ռուսաստանից դուրս հանելու գործողությունների:

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ գնալով զգուշանում են Աբրամովիչից: Նրանք մինչ այժմ, Մեծ Բրիտանիային, Կանադային և Եվրոպային հետևելով, ձեռնպահ են մնացել նրա դեմ պատժամիջոցներ կիրառելուց, ինչպես պնդում է Ուկրաինան։

Վերջերս Կիևն Աբրամովիչին ավելացրեց իր պատժամիջոցների ցուցակում, սակայն, պատժամիջոցները կասեցվել են մինչև ռազմագերիների վերադարձը։

XS
SM
MD
LG