Մատչելիության հղումներ

Փարիզի քաղաքապետն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին. Արայիկ Հարությունյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ վերջինիս նախաձեռնությամբ:

Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր, հեռախոսազրույցից հետո ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Հարությունյանը:

«Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:

Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար», - նշել է Արցախի ղեկավարը:

Լաչինի միջանցքը փակ է ուղիղ 6 շաբաթ։ Արցախում կտրոններով են սննդամթերք տրամադրում։ Շրջափակման 43-օրը կրկին գազ չկա. Ստեփանակերտը երեկ տեղեկացրեց՝ ադրբեջանցիները դարձյալ արգելափակել են Հայաստանից մտնող միակ գազատարը։ Բացի այդ, երկու շաբաթ է, հոսանքի խնայողական ռեժիմի են անցել։ Քաղաքացիները օրական 6 ժամ հոսանք չեն ունենում։

Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից։ Սահմանափակումներով են աշխատում նաև պետական հիմնարկները։

Պաշտոնական տվյալներով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ավելի քան 4000 արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։ Գործատուները նրանց աշխատանքով ապահովել չեն կարողանում։

XS
SM
MD
LG