Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
Դատախազությունը նշում է, որ Չարչյանը քրեական գործով, որպես փորձագետ, ընդգրկված է եղել Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում և 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Անցած շաբաթավերջին էլ գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին, որ համաձայնություն տան քրեական հետապնդում սկսել «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։
Դատախազը միանգամից երեք միջնորդագիր էր ներկայացրել։ Մի գործով, ըստ դատախազության, փաստեր ունեն, որ Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել։ Մյուս երկու գործերով, որ նախկին նախարարը վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել։ Օհանյանը սա քաղաքական հետապնդում է որակել։