Մատչելիության հղումներ

Ողբերգությունից հետո ինչին ականատես եղավ հանրությունը, եզակի չէ. Տիգրան Աբրահամյան


Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյան («Պատիվ ունեմ»)
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյան («Պատիվ ունեմ»)

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն ամեն ինչը, ինչ որ արվում է, որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի», - մեկ տարի առաջ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։

Սահմանի պատշաճ կահավորման ու զինվորների անվտանգության մասին պատգամավորների հարցերը մեկ տարի առաջ զայրացնում էին վարչապետ Փաշինյանին։ Այդ ուղղությամբ իշխանության ջանքերն, ըստ նրա, միայն ընդդիմադիրներին ու ադրբեջանցիներին տեսանելի չէին։

Նախօրեին 15 զինվորի կյանք խլած ողբերգությունը լավագույնս ցույց տվեց՝ ինչ աղերս ունեն իրականության հետ Փաշինյանի հավաստիացումները, ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով հաճախ է առաջնագծում լինում։

Զինվորների անվտանգության հետ կապված բազմաթիվ չափանիշներ չեն հաշվարկվում ու ապահովվում, քննադատում է ընդդիմադիր պատգամավորը. - «Ցավալիորեն, այսպիսի միջադեպերի, այսպիսի ողբերգությունների մենք կարող ենք նաև այլ դեպքերում ականատես լինել»։

«Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու», - հայտարարում էր Փաշինյանը։

Ըստ պատգամավորի, իշխանությունը ականջահաճո հայտարարություններով փորձում է թոզ փչել շարքային մարդկանց աչքերին։ Եթե առաջնահերությունը բանակը լիներ, բոլորովին այլ պատկեր կլիներ՝ սկսած զինվորների կենցաղային տարրական պայմաններից. - «Եթե իշխանության մոտեցումը Զինված ուժերի նկատմամբ լիներ այլ, ինչը հարիր էր այն առաքելությանը, որը իրականացնում են մեր զինծառայողները, և ինչը ցանկացած իշխանության նաև սահմանադրական պարտականությունն է՝ ապահովել մեր երկրի և մեր քաղաքացիների անվտանգությունը, ապա հնարավոր էր առաջնագծում ունենալ լրիվ այլ իրավիճակ»։

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

«Անընդհատ խոսում եք բանակ, բանակ, բանակ, բայց մինչև էսօր բանակում ծառայող ունեցող ծնողները կանգնած են իրենց երեխաների համար գուլպա, համազգեստ, կոշիկ, որը հնարավոր ա հագնել և այս կարգի այլ բաներ մատակարարել», - ասում էր Փաշինյանը։

Թե' ընդդիմադիր փուլում, թե' վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին հանգիստ չէր տալիս նախկինների օրոք տնից զինվորին ուղարկվող ծանրոցները՝ գուլպան, ատամի մածուկն ու ներքնազգեստը։

Իսկ ի՞նչ փոխվեց նախկիններին քննադատող Նիկոլ Փաշինյանի օրոք, հարցնում է Աբրահամյանը ու ինքն էլ պատասխանում. - «Այն, ինչ խոստացել է Նիկոլ Փաշինյանը, ստել է և որևէ բան չի ստեղծել։ Եվ երկրորդը, մեր բանակը ոչ թե վերականգնողական կամ բարեփոխումների փուլ է անցել, այլ գնացել է լրիվ հակառակ ուղղությամբ»։

Տարոն Ղազարյանը սեփական աչերով է տեսել առաջնագիծը, երեք ամիս առաջ է զորացրվել, մասնակցում էր եռամսյա հավաքներին։ Առաջնագծի խնդիրների մասին մանրամասն չի կարող խոսել, բայց վստահ է՝ իշխանականների պնդումները իրականության հետ կապ չունեն. - «Բանակում և ընդհանրապես ցանկացած պետական ինստիտուտում «աննախադեպ» վիճակը՝ դրական իմաստով, որևէ տեղ չկա։ Սկսած կարգուկանոնից։ Դժբախտ միջադեպի զոհերի դասակի հրամանատարը ինչպես ասեց՝ բարդակ։ Էդ բարդակը տիրում է ցանկացած օղակում»։

Այս օրերին շատերին ցնցած զինծառայողների կացարանն էլ Տարոն Ղազարյանին չի զարմացրել։ Ադրբեջանցիների հարձակումներից հետո սա բացառիկ բան չէ, ասում է նա։ Իշխանությունը, նրա կարծիքով, կարող էր այլ տարատեսակ շռայլ ծախսերը կրճատել ու ուղղել առաջնագիծ. - «Իշխանությունը որևէ էական քայլ չձեռնարկեց թե' զինվորների տարրական ծառայության պայմաններն ապահովելու անհրաժեշտությունը նորմալ իրացնելու գործում, թե' ցանկացած հանգամանքում։ Այսինքն՝ որևէ էական տեղաշարժ, որևէ լուրջ քայլ չի եղել»։

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Ազատ գյուղում զինվորների ողբերգական դեպքից հետո վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե ժամանակավոր կացարաններին կփոխարինեն մոդուլային շարժական զորանոցներ։ Ըստ նրա, Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո կառավարությունը պատվիրել է, և իտալական մոդուլային զորանոցներն արդեն Հայաստանում են։

«Նոր են եկել, նոր ա տեղ հասել, պետք ա դա կազմակերպվի։ Ես էսօր կոնկրետ էդ հարցով հետաքրքրվել եմ», - ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով, զորանոցները շուտով կտեղադրվեն և բոլորովին այլ պայմաններ կստեղծվեն։

XS
SM
MD
LG