Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցին ներկայացրել է Լաչինի միջանցքի արդեն 37 օր արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
Առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները, հայտնում են ԱԳՆ-ից:
Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը:
Գուտերեշը մեկ շաբաթ առաջ վերահաստատել էր իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը: