Մատչելիության հղումներ

«Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ միջամտություն». Միրզոյան


Լաչինի միջանցքը մեկ ամսից ավելի փակելու Բաքվի գործողությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բացահայտ խախտում է և անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները և պատասխանատվության ենթարկվի իր արարքներ համար, Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է: Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը», - նշել է նախարարը:

Միրզոյանը հիշեցրել է, որ փաստացի շրջափակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սննդի, բժշկական և էլեկտրաէներգիայի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են «մի խումբ այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից, որոնց ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունը»։

Այս նախապես ծրագրված գործողությունը առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս, հայտարարել է Միրզոյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ Ալիևը առաջարկում էր արտաքսել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի։

ԵԱՀԿ-ում ունեցած ծավալուն ելույթում Միրզոյանը անդրադարձել է նաև Հայասանի ջանքերին «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրման համար»։ Նա նկատել է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը ի սկզբանե եղել է ոչ կառուցողական, քանի որ չնայած 2020 և 2021 թվականների հայտարարություններով ստանձնած պարտավորությանը, Ադրբեջանը հրաժարվել է ապաշրջափակումից, փոխարենը առաջ քաշելով Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրման չհիմնավորված պահանջ։

«Որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին»

«Վերջերս Ադրբեջանի նախագահն ընդունել է, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն անկախ նրանից՝ Հայաստանը դա ցանկանում է, թե ոչ։ Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին», - ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի թեմային՝ Միրզոյանը ասել է, որ Երևանը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ: «Ցավալի է, որ հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են», - հայտարարել է նա։

Հայաստանում հաշվի են առել ադրբեջանական առաջարկը՝ ԼՂ հարցը հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկելու, հայկական կողմն առաջարկել է ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ, ինչը Բաքուն ևս մերժում է։

Արտգործնախարարը անդրադարձել է նաև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, նկատելով, որ դրանք պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին, որոնք ուղեկցվում ուժի կիրառման սպառնալիքներով։

«Առայժմ մենք չենք տեսնում այս քաղաքական գծի փոփոխության որևէ նշան, այն է՝ տարածքային պահանջներից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղությանը հավատարիմ մնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ», - ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում հայտարարել է Միրզոյանը։

XS
SM
MD
LG