6-ժամյա դադարից հետո Արցախում վերականգնվել է գազամատակարումը, հայտնում են Ստեփանակերտից։ Ավելի վաղ Արցախի կառավարութունը հաղորդել էր, որ ժամը 13-ի դրությամբ Ադրբեջանը դարձյալ փակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարը։
«Արցախգազ ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում», - ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։
Վերջին ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն է։ Արցախը շրջափակելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան ևս Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտն այն համարեց «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։ Արցախում գազամատակարարումը վերականգնվեց միայն երեք օր անց՝ դեկտեմբերի 16-ին:
Մեկ շաբաթ է Հայաստանից Արցախ նաև հոսանք չի մատակարարվում։ Ստեփանակերտում ու շրջաններում տեղական հոսանք է մատակարարվում՝ պարբերաբար ու այսօրվանից արդեն 4-ժամյա անջատումներով։
«Արդեն չգիտենք ինչ պիտի մտածենք, որովհետև մնում են փայտի վառարանները։ Դա էլ արդեն փայտի խնդիր կա, որովհետև ոչ մեկը չէր պատկերացնում, որ հասնելու ենք էս իրավիճակին։ Հանգուցալուծումը... ճիշտն ասած, ամեն մարդ պիտի մտածի, թե ինչ պիտի անի։ Այսինքն՝ կա'մ պիտի փայտի վառարաններով տաքացնի, կա'մ էլ բնակարաններում պիտի շարունակեն մրսել։ Էդ ա իրավիճակը։ Իսկ փայտի վառարանները ոչ բոլորին ա հարմար տեղադրել... դա խնդիր ա», - ասում է Ստեփանակերտի բնակիչ Նոնա Բաղդասարյանը։
Ու թե ինչքան կշարունակվի այս իրավիճակը, հարցի պատասխանը իշխանությունից էլ չեն ստանում։ Անորոշությունն օր-օրի միայն ավելանում է» Այս պահին, Նոնայի խոսքով, մի բան է հստակ. - «Ամեն դեպքում, մենք աղետի առաջ ենք կանգնած արդեն»։
Սննդի մատակարարումների դադարեցման պատճառով Արցախում շաբաթավերջից կտրոնային համակարգի են անցնում։ Մեկ ամսվա կտրվածքով մարդիկ մեկ լիտր ձեթ ու մեկական կիլոգրամ բրինձ, մակարոն, հնդկաձավար ու շաքարավազ կարող են գնել։ Խանութներ հիմա էլ նաև պետական պահուստից շատ քիչ մատակարարումներ են լինում են, դրանք արագ սպառվում են:
«Հացն էլ միշտ, ամեն ժամի չի լինում։ Ու կաթնամթերքը, որ շատ քչերին ա հաջողվում։ Առավոտից, մինչև ժամը ինը եթե հասցնում ենք գնալ, հերթ կանգնել, ինչ-որ չափով հնարավորություն կա վերցնելու։ Կաթնամթերքի ոչ բոլոր տեսականին ա լինում, լինում ա հիմնականում մածուն, թթվասեր... կաթն էլ շատ քիչ», - նշում է Նոնա Բաղդասարյանը։
Արդեն 37-րդ օրը շարունակվող պաշարման պատճառով Արցախ չի մատակարվել ավելի քան 14,400 տոննա կենսական նշանակության ապրանք։ Արցախի կառավարությունից տեղեկացնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Թե եղած պաշարները որքան կբավարարեն, իշխանությունները չեն հայտնում։
Այսօր Արցախից մի քանի հոգի, ի դեպ, դուրս եկել է։ Պետնախարարը հայտնել է, որ ռուս խաղաղապահների հետ միասին կազմակերպել են շրջափակված Արցախում մնացած օտարերկրացիներից մի մասի վերադարձը հայրենիք։