Իրավապահները մեղադրանք են առաջադրել անցած շաբաթ ձերբակալված երկու դաշնակցականներին և կուսակցության համակիրին՝ Արարատի մարզի բնակիչներին վարչապետի հրաժարականի պահանջով անցած տարվա բողոքի ակցիաներին մասնակցելուն հարկադրելու համար։
Գործը հարուցվել է ամռանը լրատվամիջոցներից մեկի հրապարակած «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերնագրով ձայնագրության հիման վրա։ Այն, սակայն, այժմ ինտերնետում հասանելի չէ։
Մեղադրյալներից կուսակցության Արարատի մարզային կառույցի անդամ Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Մյուս երկուսն ազատության մեջ են։
Ըստ քննիչների՝ Մանուկյանը, ինչպես նաև դաշնակցական Արտավազդ Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը գումար են տվել, որ արարատցիները ընդդիմության ակցիաներին մասնակցեն։ Թե որքան գումար է տրվել, իրավապահները չեն մանրամասնում։
Դաշնակցության Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը դեռ անցած շաբաթ էր «Ազատությանն» ասել՝ օգոստոսին հարուցված գործից հինգ ամիս անց ձերբակալությունն ու մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունեն. - «Շինծու է, քաղաքական հետապնդում է»:
Իրավապահները նաև պնդում են, որ խուզարկությունների արդյունքում առգրավել են «Հայաստան Դաշինք» գրառմամբ 2 թղթապանակ՝ 100-ից ավելի թղթերով, որոնց վրա ցուցակի տեսքով, մեծամասամբ ձեռագիր գրված են անուն-ազգանուններ, դիմացը նշված պլյուս կամ մինուս, բացակա և այլ նշումներ, հեռախոսահամարներ, անձնագրի սերիաներ ստորագրություններով, «Բարգավաճ», «Չեն ընտրելու», «Հանված է», «Չգրել», «Չզանգել», «Մտնել», «Չմտնել», ինչպես նաև գումար վերցնելու, չվերցնելու վերաբերյալ նշումներ։
Քննչական կոմիտեն հրապարակել էր նաև ցուցակները, բայց դրանց մասին պարզաբանում չի տալիս։ Դրանք առգրավվել են կալանավորված դաշնակցական Գառնիկ Մանուկյանի բնակարանից, «Ազատությանը» փոխանցեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը. - «Նախ արձանագրենք, որ սա ակնհայտորեն մեր իրավունքի չարաշահումն է նաև քննչական մարմնի կողմից, այսպես կոչված՝ իբրև թե ապացույցների վերաբերելիության տեսակետից հրապարակումներ եք անում, և հաստատվում է որպես հաստատված փաստ: Սա օրենքի կոպտագույն խախտում է: Երկրորդ՝ այն, ինչ որ նա նկարագրում է, նման ցանկ, ես կարծում եմ, ցանկացած մեկի տանը կարելի է գտնել, մանավանդ եթե այդ անձը կազմակերպական ֆունկցիա ունի, բայց որը որևէ ձևով առնչություն չի կարող ունենալ այն հանցակազմի հետ, ինչը փորձ արեց ներկայացնել քննչական մարմինը»:
Մեղադրյալներից Արտավազ Մարգարյանի փաստաբանը, Ֆեյսբուքի իր էջում հրապարակելով այս ցուցակները, գրել է՝ իր պաշտպանյալի տնից որևէ բան չեն առգրավել:
«Դե հիմա կարդացեք այդ ցուցակները և վերջնականապես կհամոզվեք, որ դրանք որևէ կապ չունեն քննչականի հնարած հանցագործության հետ», - պնդել է փաստաբան Արսեն Բաբայանը առանց հստակ բացատրության:
Մյուս մեղադրյալի՝ Դաշնակցության համակիր Հունան Մելքոնյանի դեպքում ևս խուզարկության արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել։ Օրերս դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրան ձերբակալելու որոշումը։
«Նոր օրենսդրական կարգավորումների պայմաններում անձը կարող է ձերբակալվել անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա հանցագործության կատարումից կարճ ժամանակ անց, բայց ոչ վեց ամիս անց», - ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով՝ դատարանը նաև այդ պատճառով է մերժել կալանավորել իր պաշտպանյալին։
Հարցին՝ պաշտպանյալն ընդունե՞լ է մեղքը, փաստաբանն արձագանքեց՝ քննիչն այդպես էլ իրենց չի պարզաբանել մեղադրանքը, անհասկանալի է, թե ում է Հունան Մելքոնյանը գումար տվել. «Եթե մենք անվերապահ ընդունենք, որ այդ ձայնագրությունը օբյեկտիվ իրականություն է, ճշմարտություն է, մոնտաժված չէ, և այդտեղ հենց խոսք է գնում Հունան Մելքոնյանի մասին, անգամ եթե ես դա անվերապահ ընդունեմ, թեպետ բազմաթիվ վերապահումներ կան այդտեղ: Այդտեղ առավելագույնը խոսք է գնում վեդեցի Հունանին գումար տալու մասին, այսինքն՝ Հունանին նյութապես շահագրգռելու մասին, բայց որ Հունանն է ինչ-որ մեկին նյութապես շահագրգռում, դրա մասին որևէ ապացույց քրեական գործում առկա չէ»:
Երեք մեղադրյալներից բացի, հարցաքննության էր կանչվել նաև ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմիոնյանը, որը որևէ հարցի չէր պատասխանել։ Նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանի փոխանցմամբ էլ՝ Սիմոնյանի երկու բնակարաններից ոչինչ չեն առգրավել։
«Նպատակն այստեղ, կարծում եմ, մի չնչին թուղթ գտնելու դեպքում արդեն որպես մեղադրյալ ներգրավելն է, և հետաքրքրական է, որ այս գործը շատ աբսուրդային է: Ինչո՞ւ, որովհետև գործը հարուցվել է 22 թվականի հունիսին, վեց ամիս որևէ գործողություն չի արվել, որևէ մեկին չեն կանչել, յոթերորդ ամսում միանգամից մեկ օրվա մեջ՝ լուսադեմին խուզարկություններ ու ձերբակալություններ, երեք անձ ձերբակալվում է», - նշեց փաստաբանը:
Դաշնակցության Գերագույն մարմնի նախագահի փաստաբանը ևս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեռ օգոստոսին հարուցված գործով միայն ամիսներ անց են ձերբակալություններ անում։
Մինչ դաշնակցականները ապօրինի են որակում քննությունը, իշխանության ներկայացուցիչներն էլ՝ տարակուսում, թե ինչու իրենք պետք է խառնվեն իրավական գործընթացներին, Քննչական կոմիտեից փոխանցում են՝ գործի վերաբերյալ դաշնակցականների ու նրանց փաստաբանների պնդումներին չեն անդրադառնա։