Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են երկու դաշնակցականներ և մեկ համակիր. ՀՅԴ-ն սա քաղաքական հետապնդում է որակում


Անցած ամռանը հարուցված գործի շրջանակում ձերբակալվել են «Դաշնակցության» երկու ներկայացուցիչ և մեկ համակիր։ Ընդդիմադիր կուսակցությունն այս ձերբակալություններն արդեն քաղաքական է որակել։

Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ դեռ օգոստոսին են վարույթ նախաձեռնել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով։ Եվ անցած հինգ ամիսների քննության արդյունքում եզրակացրել են, որ վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման հավաքներին դաշնակցականները Արարատի մարզի բնակիչներին մայրաքաղաք գումարով են բերել։

«Դաշնակցության» Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներից Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ Մարգարյանը, նաև համակիր Հունան Մելքոնյանը այժմ կասկածյալի կարգավիճակ ունեն։

«Շինծու է, քաղաքական հետապնդում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Դաշնակցության» Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը:

Երկու օր է՝ Հայ հեղափոխական դաշնակցությունն ահազանգում է, որ խուզարկություններ են կատարվում կուսակցության ներկայացուցիչների և համակիրների տներում։ Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ խուզարկությունը հենց այս գործի շրջանակում է արվել, ավելին՝ իրավապահների փոխանցմամբ՝ խուզարկության արդյունքում առգրավել են «Հայաստան դաշինք» վերնագրով թղթապանակներ, որոնցում բազմաթիվ մարդկանց անձնական և անձնագրային տվյալներ, ստորագրություններ կան, անգամ գրառումներ 2021-ի արտահերթ ընտրության ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու մասին։

«Դաշնակցության» Գերագույն մարմնի նախագահի բնակարանը ևս երեկ խուզարկել են, ոչինչ չեն տարել, «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր գործիչը։ Նա ևս երեկ կանչվել է հարցաքննության, բայց հարցերի չի պատասխանել՝ օգտվելով լռելու իրավունքից։

«Մյուսն էլ մեր երկու ընկեր համակիրների տուն, իրենք արձանագրել են, որևէ բան չեն գտել, մյուսն էլ, որ ենթական հիմա ձերբակալված է, իրենց տնից ինչ-որ թղթեր են տարել, որ ենթակայի որդին քանի որ նույն տան մեջ է ապրում, ասել է՝ դրանք պատկանում է իրեն, բայց ենթակայի որդին կուսակցական չէ, և իր անձնական գործերից է ինչ-որ, տեղյակ չեմ՝ ինչ թուղթ է», - նշեց նա:

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ դեռ ամռանը հարուցված գործի հիմքում լրատվամիջոցներից մեկի հրապարակած «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերնագրով ձայնագրությունն է։ Այն, սակայն, այժմ ինտերնետում հասանելի չէ։

«Դաշնակցությունում» ենթադրում են, թե ինչու են իրավապահներն այժմ ակտիվացել։ Կարծում են՝ ներքաղաքական իրավիճակն ու Արցախի հարցն է առանցքում։

«Ինչ-որ գործընթացներ շուտով պիտի երկրում տեղի ունենան՝ կապված Արցախի՝ հատկապես Լաչինի միջանցքի, որ արդեն 30 օր է՝ փակ է, և այդտեղ մեր անելիքներին խոչընդոտելու, մեզ նեղը գցելու, չշարժվելու կամ այլ նման հարցերով է այս հարցը, որովհետև իրենց ասելով՝ օգոստոսին, հուլիսին նման ձայնագրություն է հայտնվել: Իհարկե, դա էլ կասկածի տակ է՝ ում հեռախոսն են լսել, և նոր հիմա՝ հաջորդ տարվա հունվարին, այս գործն սկսել են հետապնդել: Մեզ տանում է այն եզրակացության, որ նոր պատվեր է, որ կատարվում է», - շեշտեց Սիմոն Սիմոնյանը:

Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանն, իր հերթին, ուշադրություն է հրավիրում այս գործի համար առիթ դարձած ձայնագրության վրա, որը, նրա խոսքով, հրապարակվել է կառավարության պաշտոնյաներից մեկին պատկանող լրատվամիջոցում։

«Երկու մարդու խոսակցություն, ես չգիտեմ էլ՝ ճիշտ է, իրենք են խոսել, թե չէ, երկու մարդու հեռախոսային գաղտնալսում իրավունք ունի անելու միայն լիազորություն ունեցող օպերատիվ իրավապահ համակարգը՝ ԱԱԾ, Ոստիկանություն: Եթե իրենք են արել, ինչպե՞ս է հայտնվել իշխանությանը սպասարկող ֆեյքերի ՊՈԱԿ-ի կառավարչի լրատվամիջոցում, սա ինքնին արդեն հանցանք է», - նշեց նա:

Ինչ վերաբերում է թղթապանակներին, ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ սովորական փաստաթղթեր են, հանրահավաքներին մասնակցելու համար ինքնակազմակերպվել է պետք։ Պատմում է, որ անցած տարվա ակցիաների օրերին շատ են իրեն դիմել, թե ինչպես կարող են գյուղերից հասնել մայրաքաղաք, հնարավո՞ր է տրանսպորտի հարց լուծեն, հաճախ բացասական պատասխան են տվել, որ հետո չմեղադրվեն. «Սրանց կազմակերպած իշխանական հանրահավաքների նման հո չի եղել, որ ամբողջ համակարգով բոլոր ավտոբուսները, բոլոր ընկերությունների ավտոբուսները քարավաններով բերեին, լցնեին Երևան, ինչպես վերջին երկու տարում տեսել ենք»:

Մինչ ընդդիմադիր «Դաշնակցությունը», հերքելով իրավական գործընթացը, այստեղ քաղաքական ենթատեքստ է տեսնում, իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը տարակուսում է՝ ի՞նչ կապ ունի իշխանությունը իրավական գործընթացների հետ. «Գործը որ հարուցվում է, քննություն է գնում, փաստեր են ճշտվում, նյութեր են հավաքվում, իշխանությունը դրա պահանջը, անհրաժեշտությունն անգամ չունի, եթե ասենք, որ սկզբունքային, նման դիրքորոշումներից հեռու իշխանություն է, բայց ընդհանրապես դրա կարիքը չկա»:

Իշխանական պատգամավոր հարցնում է՝ այդ ի՞նչ է անում «Դաշնակցությունը» ներկայիս իրավիճակում և Արցախի հարցով, որ իրենք էլ պետք է ճնշում գործադրեն նրանց վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG