Մատչելիության հղումներ

Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 35-ի, 75 մարդ տուժել է


Դնեպրում հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն՝ նշելով, որ փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Այս պահի դրությամբ ևս 35 մարդ համարվում է անհետ կորած, վիրավորների թիվը հասել է 75-ի», - նշել է պաշտոնյան։

Երկու օրում փլատակների տակից փրկարարները տասնյակ մարդկանց են հանել, այդ թվում՝ վեց երեխայի, նրանց կյանքը հաջողվել է փրկել:

Հունվարի 14-ի կեսօրին Ուկրաինայի հերթական զանգվածային գնդակոծության ժամանակ հրթիռներից մեկը հարվածել է Դնեպրում գտնվող 9 հարկանի բնակելի շենքին՝ ամբողջությամբ փլուզելով դրա մի հարվածը:

Երեկ երեկոյան նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում դիմել էր ռուսաստանցիներին. - «Ուզում եմ դիմել այն ռուսաստանցիներին, ովքեր նույնիսկ հիմա չկարողացան այս ահաբեկչությունը դատապարտող մի քանի բան անգամ ասել, թեև ամեն ինչ հիանալի տեսնում են: Մի օր այդ նույն ահաբեկիչները կգան նաև ձեր հետևից: Չարը շատ զգայուն է վախկոտության նկատմամբ, չարը միշտ հիշում է նրանց, ովքեր վախենում են, և երբ մի օր այն գա ձեր հետևից, ձեզ ոչ ոք չի պաշտպանի»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, մինչդեռ, երեկ՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, թե հունվարի 14-ին ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի ռազմական - հրամանատարական համակարգին ու հարակից էներգետիկ օբյեկտներին:

«Բոլոր նշված թիրախները խոցվել են, հարվածի նպատակն իրականացվել է», - ասել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը այն դեպքում, երբ արդեն հայտնի էր, որ հրթիռակոծության հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել:

XS
SM
MD
LG