Մատչելիության հղումներ

Բայրամովն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ օրակարգը և իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Բայրամովը նշել է, որ չնայած հետկոնֆլիկտային շրջանում ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնություններին, այդ գործընթացը մշտապես արգելափակվել է Հայաստանի կողմից տարբեր սադրանքների միջոցով»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Բայրամովը նաև ասել է, թե «Հայաստանը կոպտորեն խախտում է» 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ օգտագործելով Լաչինի ճանապարհը ռազմական սադրանքների, այդ թվում՝ ապօրինի տեղափոխում և ականապատում, ապօրինի տնտեսական գործունեություն և Ադրբեջանի բնական ռեսուրսների թալան, նաև երրորդ երկրների քաղաքացիների կողմից ապօրինի հատելու համար: ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի փակման հետևանքով հայ բնակչության շրջափակման և տարածաշրջանում մարդասիրական աղետի ստեղծման մասին պնդումները լիովին անհիմն են։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեծ թվով մեքենաներ և մարդասիրական այլ մեքենաներ ամեն օր անցնում են ճանապարհով»,- ասել է Բայրամովը։

Ամերիկացի պաշտոնյայի հետ երեկ հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարարը։ Արարատ Միրզոյանը նշել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական կողմի «բնապահպանական հիմնավորումները» և հնչող մեղադրանքները կեղծ են՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Լաչինի ճանապարհով հայազգի բնակիչների ազատ տեղաշարժի համար խոչընդոտներ չկան, և որ նրանք պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել տեղի հայերին, մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում են որպես «տեղի հայերի առաջնորդներ», դեմ են տեղի բնակչության կողմից ճանապարհի օգտագործմանը։

Լաչինի միջանցքը փակ է անցած տարվա դեկտեմբերի 12-ից։ 120 հազար արցախցիներ, պաշտոնական տվյալներով, շրջափակման մեջ են գտնվում։

XS
SM
MD
LG