Մատչելիության հղումներ

Թուրքիան շարունակում է արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան շարունակում է արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը՝ պնդելով, որ Ստոկհոլմն ու Հելսինկին չեն կատարում Անկարայի կողմից առաջ քաշված նախապայմանները։ Նախօրեին այս մասին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, սակայն, որ քննարկումները երկու սկանդինավյան պետությունների հետ շարունակվում են։ Վաղն, օրինակ, Անկարա կժամանի Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։

«Ֆինլանդիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա կարևոր քայլ կլինի։ Սակայն մինչ օրս ֆիննական կողմը Թուրքիա սպառազինության մատակարարման էմբարգոն վերացնելու մասին չի հայտարարել։ Այս առթիվ մենք որոշակի բացատրությունների կարիք ունենք ։Ճիշտ է, դա ուղղակիորեն կայացված որոշում չէ, սակայն ֆինների գործողություններից և հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ այդ էմբարգոն շարունակում է ուժի մեջ մնալ։ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հետ Հելսինկիում կայացած ասուլիսի ժամանակ նա ևս հիշատակեց, որ Թուրքիային սպառազինությունների վաճառքի վրա սահմանված արգելքը դեռ գործում է։ Այդ սահմանափակումները պետք է վերացվեն», - հայտարարում էր Չավուշօղլուն։

Երկու հյուսիսեվրոպական պետությունների և Թուրքիայի միջև տարաձայնությունները ծագեցին, երբ գարնանը՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից մի քանի շաբաթ անց, Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարեցին չեզոքության երկարամյա քաղաքականությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին։ Դաշինքի հիմնադիր անդամներից մեկը հանդիսացող Թուրքիան, սակայն, հայտարարեց, որ կարգելափակի այդ երկու երկրների մուտքը ՆԱՏՕ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն կատարել Անկարայի կողմից առաջ քաշված նախապայմանները։ Թուրքիան պահանջում էր դադարեցնել Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքում գործող քրդական կառույցների գործունեությունը, արտահանձնել մի շարք անձանց, որոնց Անկարան մեղադրում է ահաբեկչական կառույցների հետ առնչություններ ունենալու մեջ, ինչպես նաև վերացնել զենքի վաճառքի վրա սահմանված էմբարգոն։

Շվեդական կողմն այս հարցում, Թուրքիայի տեսանկյունից, շատ ավելի կառուցողական մոտեցում է որդեգրել։ Ստոկհոլմը, մասնավորաբար, դեռ սեպտեմբերի վերջին հայտարարեց Թուրքիա սպառազինության վաճառքի էմբարգոն վերացնելու մասին։ Բացի այդ, օրերս շվեդական իշխանություններն Անկարային են արտահանձնել ազգությամբ քուրդ Մահմուդ Թաթին, որին թուրքական իշխանությունները մեղադրում են Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու համար։ Բայց նույնիսկ Շվեդիայի այս քայլից հետո Անկարայում դժգոհ են։

«Այդ մարդուն Թուրքիային հանձնելու որոշումն իհարկե հաճելի էր, սակայն նա մեր կողմից Շվեդիային ներկայացված՝ արտահանձնման ենթակա մարդկանց ցանկում չէր։ Մեր պահանջն է, որպեսզի արտահանձնվեն այդ ցանկում ընդգրկված անձինք, իսկ նրանց ֆինանսական միջոցները սառեցվեն։ Սրանք լուրջ պահանջներ են», - ասում էր Չավուշօղլուն։

Ընդհանուր առմամբ Թուրքիան պահանջում է, որպեսզի Շվեդիան արտահանձնի 21, իսկ Ֆինլանդիան՝ 12 հետախուզվող անձնանց, պնդելով, որ նրանք սերտ կապեր ունեն կամ Քրդական բանվորական կուսակցության, կամ էլ Միացյալ Նահանգներում բնակվող հայտնի իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենի ցանցի հետ։

Վաշինգտոնում հուսով են, որ սկանդինավյան պետություններն ու Թուրքիան սեղմ ժամկետներում կկարողանան հաղթահարել առկա տարաձայնությունները, ինչն, ըստ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի, հնարավորություն կտա Շվեդիային և Ֆինլանդիային տեսանելի ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ։

«Ֆինները, շվեդները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը շարունակում են բանակցել իրենց թուրք գործընկերների հետ։ Շարունակվում են նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի բանակցությունները Թուրքիայի հետ այն եռակողմ հռչակագրի դրույթների շուրջ, որ ստրագրվել էր այս տարվա հունիսին Մադրիդում և վերաբերում էր այդ երկրների անդակամցությանը ՆԱՏՕ-ին։ Մենք համոզված ենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան շուտով կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ և 32-րդ անդամները», - անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG