Մատչելիության հղումներ

Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության քննություն, սթափվելու կարիք կա. Վրթանես եպիսկոպոս


«Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով», - սովի փորձությանն ի պատասխան Հիսուսի այս խոսքերով է արցախցիներին դիմում Արցախի թեմի առաջնորդը: Ստեփանակերտի Մայր եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ Վրթանես եպիսկոպոսը հորդորեց չտրտմել սննդի պակասից, բավարարվել եղածով:

«Հիշեք, թե ինչպես Իսրայելի ժողովուրդն անապատում 40 տարի միատեսակ սնունդ էր օգտագործում», - ասաց եպիսկոպոսը:

2023 տարի առաջ բեթղեհեմյան աստղը երեք իմաստունների ուղեկցեց Հիսուսի մոտ, Սրբազանը վստահ է՝ հիմա էլ այդ աստղը ծագում է աշխարհից մերժված ու մոռացված Արցախի վրա։ Նա հիշեցրեց ու հուշեց, որ այդ իմաստուն մոգերը Պարսկաստանի Հնդկաստանի ու Արաբիայի թագավորներն էին. - «Միգուցե ավետարանական այդ գեղեցիկ դրվագը մեզ հուշում է, որ քրիստորնեական Արցախի և Հայաստանի փրկության ճանապարհը»:

Սուրբ ծննդյան պատարագին Արցախի պետնախարարն էր մասնակցում, գործող ու նախկին նախագահները: Վրթանես սրբազանի խոսքով՝ Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության քննություն, սթափվելու կարիք կա, այնինչ անտարբերության ու թմրության մթնոլորտ է. - «Արցախը և մեզանից յուրաքանչյուրը պիտի դառնա մեր ազգի հոգու և խղճի զարթուցիչը»:

Բրնձով և չամիչով փլավ՝ ահա այսօրվա տոնի գլխավոր ուտեստը. բրինձը մարդկությունն է և այն բացակայում է Արցախի բոլոր խանութներում:

«Սենց կյանք կլինի՞: Դուրս ես գալիս մի բրինձ չկա, մի ապրանք չկա, մի բան չկա, որ երեխաները ուտեն», - ասաց Ստեփանակերտի բնակիչ Ռիմա Արզումանյանը:

Հիմա միայն խմիչք է մնացել, շատ բարդ է թվարկել, թե ինչ չկա խանութներում: Մի շարք վաճառակետեր փակվել են, ապրանք չկա, խանութի դուռը բաց պահելն իմաստ չունի:

Արցախի կառավարությունը պահուստային պաշարներից որոշ ապրանքներ է խանութներին տալիս, դրանք շատ արագ սպառվում են. մարդիկ դժգոհում են՝ ինչո՞ւ կտրոնային համակարգ չի ներդրվում, որ մթերքը բոլորին հասնի:

Մինչ կառավարությունում տարբերակներ են քննարկում, թաղավարդցի Էլմիրա Ալավերդյանն հարցի արագ լուծման իր մեթոդն է առաջարկում. - «Մինչև տալոնային համակարգը, մեր գյուղապետը թաղերով ցուցակ անի, ցուցակը դնի խանութպանի աջև, գան, օգտվեն: Էդ ձև ավելի համաչափ կլինի և բոլորն էլ գոհ կլինեն»:

Ադրբեջանական կողմը արցախցիների միակ ճանապարհը փակ պահելուց բացի նաև կրակում է հող մշակող գյուղացիների վրա։ Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ այսօր կեսօրին Մարտունու Հացի գյուղի տրակտորիստի ուղղությամբ են կրակել ադրբեջանական մարտական դիրքից։ Իգոր Աբրահամյանը պատմեց՝ մի քանի անգամ փորձել են գարի ցորեն ցանել իրենց դաշտերում, չի ստացվել, կրակել են: Այսօր նույն պատմությունը՝ թեպետ ադրբեջանական կողմի պահանջը, թե աշխատեք միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ, բավարարված է եղել։

Ձմեռը կիսվում է՝ ադրբեջանական շնչի տակ ապրող արցախցիները դեռ փորձում են աշնանացան անել։ 26 օր շրջափակման ու հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող արցախցիների համար միայն մեկ լավ լուր կա. - «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:

XS
SM
MD
LG