Մատչելիության հղումներ

Աշխարհը սգում է Ֆուտբոլի արքա Պելեի մահը


Պելեն:
Պելեն:

Պելեն՝ Բրազիլիայում համազգային արժեք

Հեռավոր 1961 թվականին Բրազիլիայի նախագահ Ժանիու Կուադրուշը հատուկ հրամանագրով 21-ամյա Պելեին հռչակեց ազգային արժեք: Նա այդ որոշումն ընդունեց, քանի որ երիտասարդ հանճարեղ ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին էին երազում Եվրոպայի առաջատար ակումբներն, իսկ բրազիլացիներն ուզում էին նրան պահել հայրենիքում:

61 տարի անց Բրազիլիայի գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն արձակեց Պելեի մահվան կապակցությամբ եռօրյա պետական սուգ հայտարարելու հրամանագիր:

«1991 թվականին, երբ առաջին անգամ ընտրվել էի սենատոր, պատիվ ունեցա մի քանի րոպե շփվել Պելեի հետ: Պարզ մարդ էր, ով, սակայն, կարողացավ Բրազիլիայի փառքը հասցնել աշխարհի բոլոր չորս կողմերը: Հիմա ամբողջ աշխարհն է սգում նրա մահը: Թող Աստված մխիթարություն տա Պելեի ընտանիքին, ընկերներին, բոլոր բրազիլացիներիս: Եվ թող Աստված դիմավորի նրան դրախտում»,- ասել է Բոլսոնարուն:

Ընտրյալ նախագահ Լուլա Դա Սիլվան էլ ցավակցություն հայտնեց հայրենակիցներին:

«Պատիվ եմ ունեցել դիտել նրա խաղը մարզադաշտերում: Պետք է խոստովանեմ, որ զայրանում էի, որովհետև Պելեն միշտ գոլ էր խփում իմ թիմին՝ «Կորինտիանսին», բայց, իհարկե, նախևառաջ նրան պաշտում էի, որովհետև առանց հիացմունքի հնարավոր չէր նայել նրա խաղը, հենց ստանում էր գնդակը՝ մի զարմանալի կախարդական բան էր արարում»,- գրել է Լուլա դա Սիլվան:

Մահճակալին գամված՝ երկրպագել է հարազատ հավաքականին

Բոլորը գիտեին, որ այս տխուր պահը կգա, ծանր հիվանդ Պելեն ամիսներ շարունակ Սան Պաոլոյի հիվանդանոցում էր: Ախտորոշումը ոչ մի հույս չէր թողնում՝ հաստ աղիքի չարորակ ուռուցք: Այն հեռացրել էին, բայց գոյացությունը նորից վերադարձել և հասել էր լյարդ ու թոքեր: Ճառագայթները և քիմիան այլևս չէին օգնում:

Լեգենդը գամված էր մահճակալին, «պալիատիվ բուժում» էր ստանում, գիտական լեզվից թարգմանաբար՝ նրան ցավազրկողներ էին ներարկում ֆիզիկական տառապանքը թեթևացնելու համար:

Արքայի մահվան մասին լուրը հայտնեց նրա դուստրը՝ Կելի Դու Նասիմենտուն:

«Ամեն ինչով քեզ ենք պարտական, քո հանդեպ մեր սերն անսահման է, հանգչիր խաղաղությամբ»,- սոցցանցում գրել է դուստրը:

Ապա հրապարակվեց Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցի վարչակազմի հաղորդագրությունը:

«Վշտով հայտնում ենք Էդսոն Արանտես Դու Նասիմենտուի՝ Պելեի վախճանի մահվան մասին, մահը վրա է հասել 2022 թվականի դեկտեմբերի 29-ին՝ 15:27-ին: Մահվան պատճառն են հաստ աղիքի քաղցկեղն ու դրա առաջացրած բարդությունները: Հիվանդանոցը ցավակցում է ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր վշտացած են մեր սիրելի Արքայի մահվան լուրից»:

Դեկտեմբերի առաջին կեսին նա շրջապատված էր հարազատներով և գիտեր, որ հեռանում է: Այդ վիճակում նա հեռուստացույցով հետևում էր Քաթարում ֆուտբոլի առաջնության խաղերին, երկրպագում իր հարազատ Բրազիլիային:

Հավաքականի անհաջողությունից հետո նա սոցցանցում շնորհակալություն հայտնեց խաղի համար ու հավատացրեց, որ Բրազիլիան անպայման տեսանելի ապագայում կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:

Աշխարհի լիդերները ցավակցում են Ֆուտբոլի արքային և Բրազիլիային

Նրան անվանել են Ֆուտբոլի արքա: Արքաներին պետական պատիվներով են հրաժեշտ տալիս:

Այսօր Բրազիլիայի ժողովրդին ցավակցություններ են հայտնել Միացյալ Նահանգների գործող և նախկին նախագահներ Ջո Բայդենը, Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը, պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, ֆուտբոլում Բրազիլիայի մշտական մրցակից երկրի՝ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Բոլիվիայի, Հոնդուրասի, Մեքսիկայի, հարավամերիկյան մյուս երկրների ղեկավարները:

Տխուր լուրին արձագանքել է Եվրոպան՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Պելեին անվանել է «ֆուտբոլի և ընդհանրապես սպորտի կատարելության օրինակ»:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Պելեի լուսանկարին գրություն է կցել՝ «Խաղը. Արքան. Հավերժությունը»:

Հատուկ ցավակցական ուղերձով Բրազիլիայի նախագահ Բոլսոնարուին է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Դժվար է թվարկել ցավակցություն հայտնողների ցանկը, երևի թե բավական է պարզապես բացել աշխարհի քաղաքական քարտեզը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ են ցավակցություն հայտնել Պելեի մահվան կապակցությամբ:

Ոգեշնչման աղբյուր միլիոնների համար

Պելեի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում մեր օրերի գերաստղերը՝ Մեսսին, Նեյմարը, Ռոնալդուն, Մբապեն, ազգային հավաքականներն ու ակումբները:

Ռոնալդու. «Խորին ցավակցություններս Բրազիլիային և Էդսոն Արանտես Դու Նասիմենտուի ընտանիքին: Հավերժական Արքա Պելե, քո հեռանալը ցավ է պատճառում ամբողջ ֆուտբոլային աշխարհին: Դու ոգեշնչման աղբյուր ես միլիոնների համար: Միշտ զգացել եմ քո բարի վերաբերմունքն ու սերն իմ նկատմամբ: Պելեի հիշատակն առհավետ կլինի բոլորիս սրտում, բոլոր նրանց, ովքեր սիրում են ֆուտբոլը: Հանգչիր խաղաղությամբ, Արքա»:

Գերմանացի աստղ Մեսութ Օզիլ. «Ես հավատում եմ, որ Երկնային հավաքականը, որի կազմում են հիմա Մարադոնան և Պելեն՝ անպարտելի է»:

ՖԻՖԱ-ն ևս սուգ է հայտարարել, կենտրոնակայանի մուտքի մոտ տեղադրված դրոշները կիսով չափ իջեցվել են:

«Մենք կորցրեցինք Պելեին, թագավորին, և նրա բացակայությունը միշտ կզգանք, բայց իրականում մենք նրանից երբեք չենք զրկվի, նա առհավետ մեզ հետ է, ֆուտբոլ սիրող յուրաքանչյուր մարդու հետ՝ հենց այն ամենի համար, ինչ նա տվել է ֆուտբոլին, այն էմոցիաների համար, որոնք պարգևել է ֆուտբոլ սիրողներին»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

Իսկ ֆուտբոլի աշխարհում շարքային հպատակները սգում են արքայի մահը և չեն թաքցնում արցունքները:

Երկրպագու Էվերտոն Լուսիո. «Պելեն մեզ համար պարզապես «Սանտոսի» ֆուտբոլիստ չէր, նա մեր կյանքի մի կասն էր, կարծես, հարազատին ենք կորցրել»:

Երկրպագու Էդուարդո դի Կարվալյո Դու Նասիմենտու. «Ցանկանում ենք, որ նրա ընտանիքը մխիթարվի, թող տասը համարի մարզաշապիկն այլևս ոչ ոք չկրի, դա նրա համարն է»:

Բրազիլացի Նեյմարն էլ է կրում այդ համարը: Այսօր նա գրել է սոցցանցում. «Պելեից առաջ «տասն» ընդամենը թիվ էր, գեղեցիկ խոսք է, լսել եմ ժամանակին, բայց անավարտ է, այսօր ուզում եմ ավելացնել՝ Պելեից առաջ ֆուտբոլն ընդամենը սպորտ էր, նա ամբողջությամբ փոխեց ֆուտբոլը, դարձրեց արվեստ, զվարճանք, տոն, նա խոսքի իրավունք տվեց աղքատներին, հատկապես սևամորթներին, նա աշխարհին ճանաչել տվեց Բրազիլիան, և Բրազիլիան իր կարգավիճակը բարձրացրեց շնորհիվ Արքայի, նա գնաց, բայց հրաշքը մնաց»:

1366 խաղ, 1281 գոլ: Թե ով էր Պելեն նույնիսկ մրցակիցների համար՝ կարելի է հասկանալ ծանոթանալով նրա 1000-րդ գոլի պատմությանը:

999-րդ գոլից հետո ամբողջ աշխարհը սպասում էր ռեկորդին, մի քանի խաղ անհաջող անցավ: Եվ ահա 1969-ի նոյեմբերի 19-ին «Վասկո Դա Գամայի» թիմի հետ խաղում նշանակվեց 11-մետրանոց:

Եվ այդ թիմի երկրպագուները սկսեցին վանկարկել «Պելե-Պելե», ցանկանալով, որ «Սանտոսի» հանճարեղ ռմբարկուն իրենց թիմի դարպասը խփի1000-րդ գոլը: Դա գուցե միայն Բրազիլիայում էր հնարավոր:

Ու թերևս ամենաարդար, դիպուկ խոսքի հեղինակը ֆուտբոլը ստեղծած երկրի՝ Անգլիայի լեգենդար խաղացող, ֆուտբոլի աշխարհի 1966 թվականի չեմպիոն սըր Բոբի Չարլթոնն է, ով ասել է «Ֆուտբոլը ստեղծվել է Պելեի համար»:

XS
SM
MD
LG