Շուրջ 3 ամիս հացադուլի մեջ գտնվելուց հետո օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած դատապարտյալի հարցով զբաղվում է Գլխավոր դատախազությունը։ Ինչո՞ւ և ինչպե՞ս է մահացել ապրիլից հացադուլի մեջ գտնվող 50-ամյա Արմեն Մնացականյանը, այս հարցերին պատասխանելու համար իրավապահները նյութեր են նախապատրաստում։
Մահացած դատապարտյալի փաստաբանի խոսքով՝ ծայրահեղ քայլի գնալով իր պաշտպանյալը արդարություն էր պահանջում. «Շատ առողջ ու նորմալ անձնավորություն էր»:
Դատապարտյալների առողջության համար պատասխանատու կենտրոնից «Ազատությանը» փոխանցում են, որ բանտ տեղափոխվելու առաջին իսկ օրը Մնացականյանը որևէ առողջական գանգատ չի ներկայացրել, նրա մոտ առողջական որևէ խնդիր չի հայտնաբերվել։
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասում է, որ պաշտպանյալը դժգոհ էր դատարանի վճռից, ինչի պատճառով էլ ազատազրկվելուց հետո հացադուլ է սկսել։ Եթե մի քիչ համբերեր, ապա վաղաժամ ազատվելու հնարավորություն կլիներ, ասում է փաստաբանը։
«Իր բողոքը, ըստ էության, իր նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելն էր», - նշեց նա:
Մնացականյանը մեղավոր էր ճանաչվել մի տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու համար։ Երկու տարի առաջ հունվարի 1-ին վեճ էր եղել Սարի թաղում, ինչն ավարտվել էր դանակահարությամբ, սակայն տուժողը չէր մահացել, պատմում է փաստաբանը. «Հունվարի 1-ի գիշերը տան բակում` դրսում կանգնած է եղել, ինչ-որ մեկը հարբած մոտեցել է իրեն, ասել` դո՞ւ ես ասել, որ Սարի թաղ տաքսի չգա, ինքն էլ ասել է` թող, գնա էլի, Նոր տարի է, հասկանում եմ` հարբած ես, հեռու գնա, ի՞նչ գործ ունես ինձ հետ: Դրանից հետո այդ հարբած անձնավորությունը մայր է հայհոյել և այլն, և տեղի է ունեցել այդ միջադեպը: Բնականաբար, անձի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է` մայր է հայհոյել, որը յուրաքանչյուր մարդու մոտ կարող է բերել նմանատիպ նաև ռեակցիայի»:
Առաջին ատյանի դատարանը, մեղավոր ճանաչելով Մնացականյանին, 3 տարվա ազատազրկման վճիռը պայմանականորեն չէր կիրառել։ Սակայն Վերաքննիչ դատարանը փոփոխել էր ստորադաս դատարանի որոշումն, ու Մնացականյանը 3 տարով ազատազրկվել է։
«Շատ անհասկանալի է, որ անձը, մի քանի ամիս գտնվելով քրեակատարողական հիմնարկում, լավ հացադուլ էր անում ինքը, լավ իր նկատմամբ ինչո՞ւ չէին ցուցաբերում համապատասխան մոտեցում, գուցե փորձեին այդ հացադուլից հանեին: Եթե լավ աշխատեին հոգեբանները, կարծում եմ, որ դուրս էլ կգար այդ վիճակից», - ասաց նա:
Առհասարակ անազատության մեջ գտնվող անձանց հետ հոգեբանական աշխատանքը պետք է բարելավվի. իրավապաշտպան
Փաստաբանի պես տարակուսած է նաև քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի ղեկավարը։ Բանտեր պարբերաբար այցելող Զարուհի Հովհաննիսյանը նկատում է՝ առհասարակ անազատության մեջ գտնվող անձանց հետ հոգեբանական աշխատանքը պետք է բարելավվի։ Հովհաննիսյանը չի կարող հստակ ասել՝ արդյոք այս դեպքում պատշաճ է եղել դատապարտյալի հետ տարվող աշխատանքը, բայց դիտարկումները հակառակի մասին են վկայում։
«Մեր ուղղակի ոչ այնքան մասնագիտական, ոչ այնքան խորքային դիտարկումները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ, սոցիալական-հոգեբանական և իրավական աշխատանքների խորքայնության խնդիրն առկա է, մարդիկ իրենց իրավունքների և խնդիրների մասին այնքան էլ խորությամբ տեղյակ չեն: Երբ հաճախ խումբը այցելում է հացադուլ կատարած անձին և փորձում է տեղեկացնել, թե ինչպես կարելի է պայքարել, շատ հաճախ անձինք տեղյակ չեն լինում, և նրանք փաստացիորեն խմբի այցից հետո փորձում են դուրս գալ հացադուլից կամ այլ պայքարի մեթոդներ մշակել իրենց համար և գտնել իրենց համար, ինչը մեզ համար ևս ցուցանիշ է, որ բավարար տեղեկացված չեն, բավարար աշխատանք կատարված չէ», - ասաց Հովհաննիսյանը:
Դիտորդական խմբի անցած տարվա ուսումնասիրությունը բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել բանտերում՝ հոգեբանական աշխատանքները բավարար չեն իրականացվում, մասնագետները բավարար պատրաստված չեն, ասում է Հովհաննիսյանը։ Չնայած այդ խնդիրների շտկման համար ներկայացված առաջարկներին՝ հայաստանյան բանտերում մահվան դեպքերն, ըստ իրավապաշտպանի, շատ են։
«Դեռևս Հայաստանը գտնվում է բավական բարձր ցուցանիշների վրա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շրջանակում», - նկատեց նա:
Մինչ իրավապահները կպարզեն, թե արդյոք բանտում երեք ամիս անցկացրած և այդ ողջ ընթացքում հացադուլի մեջ գտնված դատապարտյալի մահվան համար որևէ մեկը պետք է պատասխանատվությունի կրի, քրեակատարողական բժշկության կենտրոնից վստահեցնում են՝ նրա հետ աշխատել են հացադուլը դադարեցնելու համար, բայց ապարդյուն։ Ըստ այս կենտրոնի՝ բժշկական օգնությունից հրաժարված դատապարտյալը միայն մեկ պահանջ է դրել՝ դադարեցնել քրեական հետապնդումը։