Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին նշանակել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովում իր տեղակալ: «Ազատության» "Настоящее время" հեռուստանախագծի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում:
Մեդվեդևը Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում իրավունք կունենա նիստեր վարել և աշխատանքային խմբեր ստեղծել հանձնաժողովում և դրանից դուրս:
Ռուսաստանի բանակի համար սպառազինության արտադրությունը վերահսկող և պետական պաշտպանական պատվերը ձևավորող հանձնաժողովի կազմում, ըստ փաստաթղթի, ընդգրկվել է նաև արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը:
Ներկայումս Մեդվեդևը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն է: Այդ, ինչպես նաև նոր պաշտոնը գոյություն չեն ունեցել մինչև Մեդվեդևի նշանակումը:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Դմիտրի Մեդվեդևը հաճախ է իր Տելեգրամ ալիքում հանդես գալիս կոշտ և վիրավորական հայտարարություններով Ուկրաինայի կողմնակիցների և Պուտինի հակառակորդների հասցեին: Այդ պատճառով նրան անվանում են «պատերազմի գլխավոր բազե»: