Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքեր է արձակել հարավի ուղղությամբ։
Reuters-ի տեղեկություններով՝ Փհենյանի կողմից արձակված դրոնները հատել են Կորեական թերակղզում գտնվող ապառազմականացված գոտին՝ մուտք գործելով Հարավային Կորեայի օդային տարածք։
Ներխուժման պատճառով հարավկորեական բանակը նախազգուշական կրակոցներ է արձակել ինչպես նաև օդ է բարձրացրել մի շարք ռազմական օդանավեր և ուղղաթիռներ։
Գործողության ընթացքում ռազմական օդանավերից մեկը վթարի է ենթարկվել, անձնակազմի անդամները վիրավորվել են։ Բացի այդ, հարավկորեական բանակը հրահանգել է դադարեցնել Սեուլի մերձակայքում գտնվող խոշորագույն «Ինչհոն» և «Գիմպո» միջազգային օդանավակայանների աշխատանքը։
Տեղական մամուլի տեղեկություններով՝ չնայած գործադրված ջանքերին, հյուսիսկորեական դրոններից մեկը կարճ ժամանակով կարողացել է թռիչքներ իրականացնել մայրաքաղաք Սեուլի վրայով։
Հարավային Կորեայի իշխանությունները Փհենյանի գործողությունները սադրանք են որակել։