Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, այսօր հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի հարաբերությունները կկարգավորվեն փուլ առ փուլ։
«Ակնկալում ենք, որ փուլային առաջընթաց կլինի այնպիսի հարցերում, ինչպիսին են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, մարդասիրական հարցերի լուծումը», - նշել է ռուսաստանցի դիվանագետը։
Գալուզինը նաև ասել է․ - «Մենք ելնում ենք այն իրողությունից, որ [հայ-ադրբեջանական] խաղաղ պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքներին կնպաստեն բարձր մակարդակում կայացված այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այդ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման «ճանապարհային քարտեզ է ձևավորվել»։
ԱՊՀ պետությունների հետ հարաբերությունները համակարգող փոխարտգործնախարարի պաշտոնում Գալուզինը նշանակվել էր մեկ ամիս առաջ՝ փոխարինելով Անդրեյ Ռուդենկոյին։
Նախկինում Միխայիլ Գալուզինը զբաղեցնում էր Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը։