Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը չկարողացավ մարդու իրավունքների պաշտպան ընտրել


Վրաստանի խորհրդարանի շենքը Թբիլիսիում, արխիվ
Վրաստանի խորհրդարանի շենքը Թբիլիսիում, արխիվ

Վրաստանը չկարողացավ մարդու իրավունքների պաշտպան ընտրել։ Ըստ սահմանադրության՝ օմբուդսմենը պաշտոնավարման 6 տարի ժամկետով ընտրվում է խորհրդարանի կողմից, բայց առաջադրված բոլոր 19 թեկնածուները երեկ տապալվեցին։ Ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 90 կողմ ձայն, Վրաստանի խորհրդարանում քաղաքական ուժերից ոչ մեկը այդքան ձայն չունի, օմբուդսմեն ընտրելու համար քաղաքական համաձայնություն է անհրաժեշտ, որը ձեռք չբերվեց։

Իշխանության և ընդդիմության պատգամավորները երեք անգամ խորհրդակցեցին, իշխող կուսակցությունը հրաժարվեց պաշտպանել քաղաքացիական հասարակության կողմից առաջադրված թեկնածուներին, ընդդիմությունն էլ հրաժարվեց սատարել «Վրացական երազանք»-ի պաշտպանած թեկնածուներին։ Միակ արդյունքը թեկնածուների քանակի կրճատումն էր՝ 19 թեկնածուներից մնացել են 8-ը։

Ընդդիմությունը մեղադրում է իշխող ուժին։ «Առաջին իսկ օրվանից մենք ասում էինք, որ նրանք խարդախ սխեմա են գործարկել, այդքան շատ թեկնածուներ են առաջ քաշել, իբր հեռու են գործընթացից։ Ո՞վ է նրանց առաջադրել՝ ինչ-որ քաղաքացիներ։ Այդ ամբողջ ժամանակ լուռ հետևել են գործընթացին, իսկ հետո վերջնագիր ներկայացրել՝ ձայն չտալ հասարակական կազմակերպությունների թեկածուների օգտին, ընտրել միայն գծված շրջանակի թեկնածուներին։ Այս ամբողջ ընթացքում նրանց միակ նպատակը Վրաստանի քաղաքացիներին մոլորեցնելն էր», - ասել է Վրաստանի նախկին արտգործնախարար (2008-2012թթ.), 2018-ի ընտրություններում նախագահի թեկնածու, ընդդիմադիր գործիչ Գիորգի Վաշաձեն։

Նա պնդել է, որ «Վրացական երազանք»-ը Վրաստանը տանում է ոչ թե դեպի Եվրոպա, այլ դեպի Ռուսաստան։ «Միանշանակ հաստատվում է, որ «Վրացական երազանք»-ի նպատակը ոչ թե Եվրամիությանն անդամակցելու թեկածու երկրի կարգավիճակ ստանալն է, այլ հասնել նրան, որ Եվրամիությունն ինքը մերժի նման կարգավիճակ տրամադրել։ Հենց դրա համար նրանք տապալեցին օմբուդսմենի թեկնածուներին, հենց դրա համար չաջակցեցին Արդարադատության խորհրդի անաչառ անդամներին։ Ցավոք, «Վրացական երազանք»-ը ևս մեկ անգամ ընտրեց դեպի Ռուսաստան ուղին», - ասել է Վաշաձեն՝ ընդգծելով, որ իշխող ուժը շարունակում է սաբոտաժի ենթարկել Եվրահանձնաժողովի առաջարկները, մասնավորապես նաև օմբուդսմենի ընտրության հարցում։

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, լրագրողների հետ զրույցում, բացատրելով թե ինչու չեն աջակցում քաղաքացիական սեկտորի թեկնածուներին, հիշեցրել է նախկինում արված նրանց վիրավորական կամ քաղաքական բնույթի հայտարարությունները։

«Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության օմբուդսմենի թեկնածու Աննա Աբաշիձեն, իշխող կուսակցության նախագահին մեղադրելով ստախոսության մեջ, ասել է. - «Ձեր նպատակը ձեզ հավատարիմ օմբուդսմեն ընտրելն է»։

Այս տարվա ավարտին հաշվված օրեր են մնացել, և Վրաստանի խորհրդարանը մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցին հավանաբար կանդրադառնա արդեն գարնանային նստաշրջանում։ Օմբուդսմենի պարտականությունները կատարում է լիազորությունները վայր դրած մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը։

XS
SM
MD
LG