Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության նախկին տնօրեն, ներկայումս «Թագավորական գայլեր» զինվորական խորհրդականների խմբի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը երեկ երեկոյան Դոնեցկում հրետակոծության հետևանքով վիրավորվելուց հետո վիրահատվել է:
Բժիշկները հայտնել են, որ Ռոգոզինի ողնաշարում հայտնված ականի 3-4 միլիմետրանոց բեկորը հեռացնելու հնարավորություն չկա: Այդ մասին մամուլին հաղորդել է Ռոգոզինի օգնականը:
«Ռոգոզինը հրաժարվում է տեղափոխվել Ռուսաստանի որևէ այլ շրջանի բուժհիմնարկ, քանի դեռ Դոնեցկում օգնություն են ստանում հրետակոծման հետևանքով տուժած նրա մյուս ընկերները», - նշել է օգնականը:
Վնասվածք ստացած անձանց թվում է նաև Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման «կառավարության վարչապետ» Վիտալի Խոցենկոն:
Ռոգոզինի համոզմամբ՝ ինչ-որ մեկը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն է փոխանցել ուկրաինական կողմին, որն էլ ճշգրտիտ զենքով հրետակոծել է շենքը:
«Բազա» կայքի փոխանցմամբ՝ Ռոգոզինը վնասվածք է ստացել Դոնեցկի սրճարանում, որտեղ բարեկամների շրջապատում իր 59-ամյակն է նշել:
Ինքը Ռոգոզինը պնդել է, թե վիրավորվել է հյուրանոցում՝ «նեղ շրջապատում աշխատանքային հանդիպման ժամանակ»: