Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգություն է հայտնել Չինաստանում կորոնավիրուսի աննախադեպ ալիքի կապակցությամբ։
Կառույցի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը Պեկինին կոչ է արել մանրամասն տեղեկատվություն տրամադրել իրավիճակի լրջության մասին:
Անցած ամիս հաղորդվել էր Չինաստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց մասնակիցները պահանջում էին վերջ տալ Պեկինի կողմից իրականացվող «Զրո հանդուրժողականություն Covid-19-ի հանդեպ» քաղաքականությանը։ Դրա հետևանքով Չինաստանում շարունակում են խստագույն լոքդաուններ սահմանվել կորոնավիրուսի դեպքերի անգամ աննշան աճի դեպքում։
«ԱՀԿ-ն շատ մտահոգված է Չինաստանում զարգացող իրավիճակով», - հայտարարել է Գեբրեյեսուսը՝ հորդորելով մանրամասն տեղեկություններ տրամադրել հիվանդության ընթացքի, հիվանդանոցներում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Կորոնավիրուսն առաջին անգամ՝ 2019 թվականին, հայտնաբերվել է Չինաստանի Վուհան քաղաքում։ ՄԱԿ-ին կից առողջապահական գերատեսչությանը մինչ օրս չի հաջողվել պարզել COVID-19-ի ծագման հանգամանքները: