Մատչելիության հղումներ

«Էթնիկ հայերն ունեն ապրելու իրավունք այդ տարածքներում՝ Ադրբեջանի օրենքների շրջանակում». Բայրամով


«Էթնիկ հայերն ունեն ապրելու իրավունք այդ տարածքներում՝ Ադրբեջանի օրենքների շրջանակում, և ադրբեջանական պետությունը ճանաչում է նրանց այդ իրավունքը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա առանց անուններ հնչեցնելու պնդել է, թե որոշ ուժեր շահագրգռված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե անհրաժեշտ է դիմել հակառակ կողմին, լրջորեն զգուշացնել և վերջ դնել սադրանքներին։

«Այդ ճանապարհով նրանք ոչ մի բանի չեն հասնի։ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը արդարացի է և կառուցողական։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն, կարող են լուծվել և կլուծվեն Ադրբեջանի օրենքների ու Ադրբեջանի ինքնիշխանության շրջանակներում»,- հայտարարել է Բայրամովը։

Այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և ռազմական կցորդների հետ հանդիպմանը նա ասել է, թե «իրականությանը չեն համապատասխանում պնդումները», որոնց համաձայն Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Բայրամովը նաև հերքել է Ադրբեջանի հատվածում Հայաստանից Արցախ գազի մատակարարման արգելափակման մասին պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունը՝ այն անվանելով կեղծ։

Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Հայաստանի վարչապետը, Արցախը հայտարարում են, որ սա հումանիտար ճգնաժամ է:

XS
SM
MD
LG