Մատչելիության հղումներ

Իլյա Յաշին. «Հավատացե՛ք՝ Ռուսաստանը կլինի ազատ ու երջանիկ»


Իլյա Յաշինը մոսկովյան դատարանում, արխիվ
Իլյա Յաշինը մոսկովյան դատարանում, արխիվ

Այսօր Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը պետք է վճիռ կայացնի ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստ Իլյա Յաշինի գործով:

Ամբաստանյալը մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության բանակը վարկաբեկելու և Ուկրաինայում ռազմական հատուկ օպերացիայի մասին ապատեղեկատվություն տարածելու՝ այս տարի ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի նոր հոդվածով:

Շաբաթասկզբին Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանում ընդդիմադիր Իլյա Յաշինի գործով եզրափակիչ լսումներն էին: Նա հանդես եկավ վերջին խոսքով: Նրան, մասնավորապես, մեղադրում են Բուչայում խաղաղ բնակիչների սպանդի մասին «ֆեյքեր» տարածելու համար:

Մոսկվան հավատացնում է, թե ուկրաինացիները կեղծ տեսագրություններ և լուսանկարներ են պատրաստել ու սուտ վկայություններ են հավաքել ռուսաստանցի զինծառայողներին պատերազմի հանցագործներ ներկայացնելու նպատակով:

Դատախազն ամբաստանյալի համար պահանջել է 9 տարվա ազատազրկում: Բացի այդ, ըստ մեղադրող կողմի, քաղաքական գործչին պատիժը կրելուց հետո պետք է չորս տարով զրկել համացանցից օգտվելու հնարավորությունից:

Յաշինի վերջին խոսքը տպավորիչ էր: Մի քանի մեջբերում՝ «Ինձ ուզում են լռեցնել, բայց վախը ստրուկների կրոնն է: Ունեմ տարիների սկզբունք՝ անել այն, ինչ անհրաժեշտ է, և թող լինի, ինչ լինելու է: Կարող էի փախուստի դիմել, բայց արեցի այն, ինչ պետք է անեի, ավելի լավ է տասը տարի նստել որպես ազնիվ մարդ, քան ազատության մեջ լռել ու ամոթից մեռնել»:

Յաշինի փաստաբան Միխայիլ Բիրյուկովն «Ազատության» "Настоящее время" ծրագրի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ մեծ ակնկալիքներ այսօրվա դատավճռից չունի, քանի որ բոլորը գիտեն, թե ինչպես է աշխատում դատարանը Ռուսաստանում ու հատկապես Մոսկվայի Մեշչանսկի շրջանում:

«Դատախազից մենք ընդամենը լսեցինք դասախոսություն միջազգային իրավիճակի մասին՝ երկիրը շրջապատված է թշնամիներով, ՄԱԿ-ի փաստաթղթերը կազմում և ստորագրում են ոչ-բարեկամական պետությունները, մեր թշնամիներն են Արևմուտքը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան: Դատախազը հայտարարեց, թե փաստաբաններն ունեն հակասովետական, ապա ինքն իրեն խմբագրեց՝ հակառուսական դիրքորոշում», - ասել է փաստաբան Բիրյուկովը:

Իր վերջին խոսքում Յաշինը դիմել է Ռուսաստանի նախագահին. - «Դուք, Վլադիմիր Վլադիմիրի, գիտեք, թե ինչ սխալ եք գործել փետրվարի 24-ին: Ձեր անվան հետ են կապում մահն ու ավերը: Դուք կռվում եք ոչ միայն ուկրաինացիների, այլև ձեր հայրենակիցների հետ: Դուք դժոխք եք ուղարկում հարյուր հազարավոր ռուսաստանցիներին: Ձեզ համար դրանք ինչ-որ թվեր են սյունակներում, իսկ ընտանիքների համար՝ ամուսինների, հայրերի, որդիների կորստի անտանելի ցավ: Մարդիկ փախչում են ձեզնից»:

Ընդդիմադիր գործիչը դիմել է նաև աջակիցներին՝ խնդրելով չտանջվել իր համար: «Մի' վհատվեք, ես կդիմանամ, սա մեր երկիրն է, խոստացե'ք, որ կպայքարեք, հավատացե'ք՝ Ռուսաստանը կլինի ազատ և երջանիկ», - ասել է Յաշինն իր վերջին խոսքում:

XS
SM
MD
LG