Մատչելիության հղումներ

Լատվիայի իշխանությունների համոզմամբ՝ "Дождь" հեռուստաալիքը «սպառնում է երկրի ազգային անվտանգությանը»


Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Լատվիա տեղափոխված ընդդիմադիր "Дождь" հեռուստաալիքը հեռարձակումը կդադարեցնի արդեն այս շաբաթ՝ դեկտեմբերի լույս 8-ի գիշերը։ Այսօր առավոտյան Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը որոշեց չեղարկել հեռուստաընկերության արտոնագիրը՝ «ազգային անվտանգությանն ու հանրային իրավակարգին սպառնացող վտանգի պատճառով»։

Լրատվամիջոցների ազգային խորհրդի նախագահ Իվար Աբոլինշի խոսքով՝ իր ղեկավարած կառույցը այս որոշմանն է հանգել՝ հաշվի առնելով "Дождь"-ի կողմից Լատվիայում գործունեության մի քանի ամիսների ընթացքում թույլ տրված խախտումները ինչպես նաև երկրի անվտանգության մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը, որն ի դեպ, լատվիացի պաշտոնյան հրաժարվել է գաղտնազերծել։

Խախտումները, որոնց մասին խոսում է Աբոլինշը մի քանիսն են։ Նախ, հեռուստաընկերությունն, ըստ պաշտոնյայի, իր եթերում չի ապահովում հեռարձակումների ձայնային թարգմանությունը լատիշերեն։ Բացի այդ, այս աշնանը "Дождь"-ն իր եթերում մի քարտեզ էր ցուցադրել, որում Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք էր պատկերված։ Դրան էլ գումարած դեկտեմբերի 1- ի եթերում հեռուստաընկերության աշխատակիցներից մեկը, խոսելով Ռուսաստանի Զինված ուժերի մասին օգտագործել էր «մեր բանակը» ձևակերպումը։ Այս խախտումների համար "Дождь"-ը նախ տուգանվեց 10 հազար եվրոյով, երեկ էլ հայտնի դարձավ, որ հեռուստաընկերությանն արտոնագրից զրկելու հարցը ընդգրկվել է Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի այսօրվա նիստի օրակարգում։ Այն, որ որոշումը կարող է հօգուտ "Дождь"-ի չլինել, պարզ դարձավ արդեն երեկ երեկոյան՝ Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչսի հարցազրույցից հետո։

«Ըստ իս, "Дождь"-ին Լատվիայի տարածքում արտոնագիր տրամադրելու որոշումը ճիշտ էր։ Դրա հետ մեկտեղ, մենք պետք է հասկանանք, որ հեռուստաընկերությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ հեռարձակվում է իր եթերում», - նշում էր Լատվիայի արտգործնախարարը։

Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի ղեկավար Աբոլինշի խոսքով, ի դեպ, նման կոշտ որոշումը կայացվել է նաև "Дождь"-ի ղեկավարության պահվածքի պատճառով, որը «չի գիտակցում թույլ տրված խախտումների լրջությունն ուստի Լատվիայի տարածքում գործել չի կարող»։

Քանի որ "Дождь"-ը հեռարձակվում է նաև Youtube-ում, լատվիական իշխանությունները պատրաստվում են դիմել այս կայքի ղեկավարությանը՝ խնդրելով սահմանափակել ռուսաստանյան ընդդիմադիր հեռուստաընկերության յութուբյան ալիքի հասանելիությունը, ճիշտ է՝ միայն Լատվիայի տարածքում։

"Дождь"-ի առաջատար լրագրողներից մեկի՝ Աննա Մոնգայթի խոսքով՝ հեռուստաընկերությունը կշարունակի աշխատանքը՝ հիմնականում Youtube-ում, կորցնելով, սակայն, կաբելային ցանցերի մի մասը։ «Էպիկական մասշտաբի դժվարությունների հաղթահարմանը մենք սովոր ենք և մեր առաքելությունն ավարտին հասցված չենք համարում», - Тelegram-ում գրել է Մոնգայթը։

2008-ին՝ Դմիտրի Մեդվեդևի նախագահության տարիներին ստեղծված "Дождь"-ի աշխատակիցների մեծ մասը Ռուսաստանի տարածքը լքեց Ուկրաինայում պատերազմի մեկնարկից մի քանի օր անց՝ մարտի սկզբին։ Այս տարվա ապրիլին հեռուստաընկերությունը Լատվիայի իշխանությունների կողմից հեռարձակման համաեվրոպական արտոնագիր ստացավ՝ աշխատանքը վերսկսելով հուլիսի 18-ին։ Ռիգայից բացի "Дождь"-ը թղթակցական կետեր էր բացել նաև Վրաստանում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում։

XS
SM
MD
LG