Պաշտպանության նախարարը չբացառեց հայ-ադրբեջանական սահմանային նոր էսկալացիան՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ սահմանին լարվածության աճը կարո՞ղ է վերաճել նոր բախման։ Մի քանի հարյուր զինծառայողի կյանք խլած սեպտեմբերյան արյունալի մարտերից հետո Պաշտպանության նախարարությունն ամեն օր, երբեմն օրը մի քանի անգամ հրադադարի խախտման մասին է հայտնում։ Բաքուն հակադարձում է նույն հայտարարություններով։
«Վտանգը միշտ կա», - ասաց Սուրեն Պապիկյանը:
Երեկ երեկոյան կրկին լարված էր հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում։ Դա Գեղարքունիքն է։ Ու թեև Պաշտպանության նախարարությունը կոնկրետ տեղանք չի նշել, բայց տեղեկացրել է, որ հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել են երեկոյան 22.30-ի սահմաններում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «կտրականապես հերքել է» հայկական կողմի հաղորդումը։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն այս պահին հայտնի տեղեկությունը փոխանցեց. «Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունը առաջնագծում հարաբերականորեն կայուն է»:
Ավելի վաղ էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունն էր հերքել Բաքվի հայտարարությունը, թե նույն՝ արևելյան հատվածում երեկ երեկոյան՝ 19:40-ին, հայկական զինուժը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունները ապատեղեկատվություն են», - հավելեց Արամ Թորոսյանը:
Սեպտեմբերյան արյունալի դեպքերից հետո Ջերմուկ հասած ադրբեջանական ստորաբաժանումները, մարզպետի խոսքով, երկուսուկես ամիս անց չեն լքել զբաղեցրած դիրքերը, ինչպես վստահեցրել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Դեռ մի բան էլ ավելին, Արարատ Գրիգորյանի խոսքով, առաջխաղացում ունեցած ադրբեջանցիները ամրանում են։ Գեներալ-մայոր Ասրյանը շաբաթներ առաջ պնդել էր՝ Ջերմուկի տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումը կորուստ տալով ետ է քաշվել։
«Հիմա կարող է մի քիչ այո, մի քիչ՝ ոչ, բան չի փոխվել, ոնց կար, մնացել է, չի եղել լարվածություն: Ամրաշինական աշխատանքներ ողջամիտ է, այո, կարող են իրականացնել, մեր ունեցած տեղեկություններով էլ, որ անում են: Թունել ճանապարհը մի քիչ անտրամաբանական եմ համարում, որովհետև ակնհայտ կլիներ», - ասաց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Խորհրդարան՝ Պաշտպանության հանձնաժողովի նիստին մասնակցելու եկած ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը այսօր չցանկացավ բացահայտել զենքի նոր գնումները։
Հնդկական մամուլի պնդմամբ՝ Երևանն ու Դելին սեպտեմբերին են ստորագրել զենքի ձեռքբերման պայմանագիրը՝ 260 միլիոն դոլարի։ Հնդկաստանից բացի, Հայաստանի ՊՆ-ը վերջերս Ֆրանսիա այցելեց՝ հանդիպելու իր գործընկերոջը, երկկողմ համագործակցության հարցեր քննարկեց ամերիկացի զինվորականների հետ։