Մատչելիության հղումներ

Reuters. «Սիրիայում թուրքական ցամաքային հարձակման մասին որոշումը կարող է կայացվել արդեն այսօր»


«Չի բացառվում, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ցամաքային գործողություն սկսելու մասին որոշումը կայացվի արդեն այսօր՝ Անկարայում հրավիրվող կառավարության նիստի ժամանակ», -վկայակոչելով բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկին՝ հաղորդում է Reuters գործակալությունը։

«Թուրքիայի Զինված ուժերին ևս մի քանի օր է պահանջվում գրեթե լիակատար պատրաստության աստիճանի գալու համար։ Ստիպված չենք լինի ցամաքային գործողությանը երկար սպասել», - պնդել է գործակալության զրուցակիցը։

Մինչ այդ, սակայն, թուրքական բանակը շարունակում է հրթիռակոծել Սիրիայի քրդաբնակ շրջանները։ Պաշտոնական Անկարայի պնդմամբ՝ վերջին մեկ շաբաթում թուրքական բանակին հաջողվել է 480 քուրդ զինյալ սպանել։ Կիրակի երեկոյան, Ստաբուլում կայացած հանրահավաքի ժամանակ այս թիվը հնչեցրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկ անգամ ևս խոսելով ցամաքային գործողության անխուսափելիության մասին։

«Թուրքիան, սեփական անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից դրդված իրավունք ունի գործել ինչպես երկրի ներսում, այնպես էլ որոշ տարածքներում, որոնք գտնվում են երկրի սահմաններից դուրս։ Այս հարցում որևէ մեկը մեզ խանգարել չի կարող», - հայտարարում էր Էրդողանը։

Սպասվող ցամաքային գործողությունների նախապատրաստման մասին է վկայում նաև թուրքական բանակի բարձրագույն հրամանատարական կազմի ակտիվությունը։ Անցած շաբաթ թուրք գեներալները Սիրիայում ընթացող գործողությունը քննարկում էին Գլխավոր շտաբում կայացած խորհրդակցության ժամանակ, երեկ էլ սահմանամերձ շրջաններ ժամանեց պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Առաջիկա ցամաքային հարձակման ևս մեկ վկայությունը Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումների գործողություններն են։ Վերջին օրերին, ըստ մի շարք արևմտյան աղբյուրների, Անկարայի դաշնակից խմբավորումները սկսել են դիրքեր զբաղեցնել սիրիացի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանների մերձակայքում։

Այս ամենին գումարած անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Սիրիայի հյուսիսին հասցված հարվածներից մեկի թիրախում է հայտնվել նաև այստեղ գործող և սիրիացի քրդերի հետ համագործակցող ամերիկյան զորախմբի բազան։ Ուրբաթ երեկոյան այս մասին հաղորդեց Միացյալ Նահանգների Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը՝ նշելով, սակայն, որ «Ալ-Շադադի» ռազմակայանին հասցված հարվածի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։ Ամերիկյան կողմը չի հստակեցրել, թե հակամարտող կողմերից հատկապես որն էր այս հրթիռակոծության հեղինակը, սակայն քրդական աղբյուրները պնդում են, որ բազան հրթիռակոծվել է Թուրքիայի տարածքից։

Չդադարող հարվածների ֆոնին Անկարան արդեն բաց տեքստով դիմում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ համագործակցելու առաջարկով։ Թուրքիայի իշխանությունները թափանցիկորեն ակնարկում են, որ Վաշինգտոնի հետ սերտ կապեր ունեցող սիրիացի քրդերը Անկարայի և Դամասկոսի ընդհանուր թշնամիներն են։ Իսկ որպես հարաբերությունների կարգավորման մոդել Անկարայում մատնանշում են վերջին շրջանում թուրք-եգիպտական հարաբերություններում նկատվող ջերմացումը՝ մի գործընթաց, որին նախորդել էր երկկողմ շփումների գրեթե լիակատար բացակայությունը։ Դրա պատճառն այն էր, որ Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսին, պաշտոնական Անկարայի համոզմամբ, իշխանության էր եկել ռազմական հեղաշրջման միջոցով՝ 2013 թվականի ամռանը տապալելով Էրդողանին գաղափարապես շատ մոտ դիրքերի վրա կանգնած իսլամիստ Մուհամեդ Մուրսիին։

«Մենք Եգիպտոսի նախագահ Սիսիի հետ մասնակիցների նեղ շրջանակով հանդիպում անցկացրեցինք, որը շարունակվեց կես ժամից 45 րոպե։ Այդ ընթացքում մենք պայմանավորվեցինք, որ երկկողմ շփումները շարունակվելու են արդեն նախարարների մակարդակում։ Այն, ինչ տեղի է ունենում Եգիպտոսի հետ հարաբերություններում, կարող է կրկնվել նաև Սիրիայի դեպքում։ Քաղաքականությունը նեղանալու տեղ չէ», - հայտարարում էր Էրդողանը։

Պաշտոնական Դամասկոսն առայժմ որևէ կերպ չի արձագանքել Անկարայից հնչող այս ուղերձներին։ Նախկինում Ասադի վարչակազմը մշտապես քննադատում էր Թուրքիային՝ Սիրիայի քրդաբնակ շրջաններում գործողությունների համար՝ դրանք որպես ագրեսիա որակելով։

Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները խզվեցին ավելի քան տասը տարի առաջ՝ «Արաբական գարնան» ամենաթեժ պահին, երբ Սիրիայի իշխանությունները ամենակոշտ մեթոդներով սկսեցին ճնշել երկրում ծագած ապստամբությունը, ինչն ի վերջո հանգեցրեց քաղաքացիական պատերազմի։ Այդ ռազմական գործողությունների ընթացքում Ասադի կառավարության դեմ կռվող ուժերի հիմնական թիկունքային բազան Թուրքիան էր։

XS
SM
MD
LG