Ուկրաինան շաբաթ օրը ոգեկոչում էր 1932-33 թվականների ընթացքում սովի հետևանքով մահացած միլիոնավոր մարդկանց հիշատակը։ Սով, որն Ուկրաինայում համարում են խորհրդային իշխանությունների կողմից կազմակերպված ցեղասպանություն։
Այն տարիներին խորհրդային իշխանությունները չէին ընդունում սովի փաստը, ավելին՝ առգրավում էին հացահատիկի մատակարարումներն ու արգելում սնունդ հայթայթելու համար ճամփորդությունները։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքերով՝ այս աղետը չէր լինի, եթե այն ժամանակ Ուկրաինան լիներ անկախ երկիր։
Վերջին 100 տարիների ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի խորհրդարանն իր կազմում չի ունենալու կոմունիստ պատգամավորներ, հայտարարեց նա։
Նրա խոսքերով՝ կոմունիստներն այժմ մտել են «պատմության աղբամանը»:
Երկրի արևելյան շրջաններում ռուսամետ անջատողականներին նա համարում է «Ստալինի հաջորդներ» ու նրանց մեղադրում Հոլոդոմորի ժամանակներից ի վեր «քրեական գործունեությունը» շարունակելու մեջ։
«Այսօր թշնամին փորձում է պառակտել Ուկրաինայի քաղաքացիներին, կազմալուծել, մարդկանց հանել իրար դեմ, սեպ խրել ժողովուրդների միջև։ Այդ պատճառով մենք պիտի համախմբվենք ավելի ամուր, քան երբևիցե», - ասաց նա:
Հիշատակի արարողությանը մասնակցում էին այն երկրների դեսպանները, այդ թվում՝ ԱՄՆ-ի, որոնք Հոլոդոմորը անվանում են ցեղասպանություն ընդդեմ ուկրաինացիների։
Նախկին Խորհրդային Միության առանցք համարվող Ռուսաստանն այն չի համարում ցեղասպանություն՝ հայտարարելով, թե նախկին բոլոր հանրապետություններն են տառապել այդ սովի պատճառով։
Շաբաթ օրվա այս միջոցառումն առաջինն էր, որն անցկացվեց պետության հովանավորությամբ։ Նախորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որի իշխանությունը տապալվեց այս տարվա սկզբի ապստամբության արդյունքում, փորձել է մեղմել այս հիշողությունները՝ պաշտպանելով Կրեմլի պարտադրած ուղին։
Ինչպես Ուկրաինայի Ազգային հիշատակի հաստատության ներկայացուցիչ Վոլոդիմիր Վիատրովիչն է ասում, Յանուկովիչը փորձում էր երբեք չխոսել խորհրդային անցյալի հանցագործություններից։ Նրա իշխանության ներքո էին փակվում խորհրդային ժամանակաշրջանի հանցագործությունների մասին փաստաթղթեր պարունակող արխիվները, ասում է նա՝ ավելացնելով, որ նույնիսկ սկսել էին վերականգնել խորհրդային ավանդույթներն ու կառավարման մեթոդները։
Այսօր Ուկրաինայի արևմտամետ իշխանությունները հայտարարում են, թե չնայած մարդկային մեծ կորուստներին՝ շարունակելու են պայքարը հանուն երկրի լիակատար անկախության ու եվրոպական ապագայի։