Մատչելիության հղումներ

«Լունապարկի» ատրակցիոններից մեկի նստարանի պոկվելու հետևանքով տուժած Մոլդովայի քաղաքացու վիճակը կայուն ծանր է


Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկի» ատրակցիոններից մեկի նստարանը, երեկ դեռևս անհայտ հանգամանքներում, պոկվել և ընկել է, ինչ հետևանքով օտարերկրյա քաղաքացին գլխուղեղային վնասվածքով տեղափոխվել է Հերացի համալսարանական հիվանդանոց։

Բուժհաստատությունից հայտնում են, որ Մոլդովայի 28-ամյա քաղաքացուն հիվանդանոց են բերել ծանր վիճակում, վիրահատությունից հետո էլ վիճակը կայուն ծանր է, տղամարդը միացված է արհեստական շնչառության սարքին։

ԱԻՆ-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ, ըստ նախնական վարկածի, ատրակցիոնից ինչ-որ դետալ է կոտրվել։ Հանձնաժողով է ստեղծվել՝ փորձաքննություն իրականացնելու համար, մանրամասները պարզ կդառնան քառօրյա ուսումնասիրություններից հետո։

Մի քանի ժամ «Լունապարկում» շրջելուց հետո ղեկավարությանն այդպես էլ չհանդիպեցինք, աշխատակիցների խոսքով՝ դեպքի պահին օտարերկրացի երիտասարդը կարուսելի մեջ է եղել։

Քրեական գործ է հարուցվել Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով, որը պատժվում է առավելագույնը 4 տարի ազատազրկմամբ։ Քննչական կոմիտեն այլ մանրամասներ չի հաղորդում։

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ պոկված ատրակցիոնը փորձաքննության է ենթարկվել ընդամենը կես տարի առաջ և ստացել դրական եզրակացություն։ Իրականացնողը՝ մասնավոր ընկերություն է եղել։ Արդյոք պետության համար վստահելի՞ են մասնավոր ընկերության ստուգումները և պետական միջոցներով ստուգում չի՞ իրականացվում. ԱԻՆ աշխատակիցն ասում է՝ նախարարությունը մասնավոր ընկերությունների փորձաքննությունները վերահսկելու իրավասություն չունի:

Մասնավոր ընկերություններին հավատարմագրում է Էկոնոմիկայի նախարարության հավատարմագրման ազգային մարմինը։ Եվ վտանգավոր օբյեկտ շահագործողն է որոշում՝ ով իրականացնի փորձաքննությունը։

«Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ»-ի կողմից է արվել, ինքը նույնպես հավատարմագրված մարմին է: Անկախ նրանից՝ պետությունն ինքը կաներ այդ փորձաքննությունը, թե պետության կողմից հավատարմագրված մարմինները կանեին, այստեղ ռիսկը հավասարազոր է», - ասաց Քաղաքաշինության, տեխնիկական անվտանգության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի օգնականը:

Քաղաքաշինության, տեխնիկական անվտանգության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի օգնական Խաչատուր Խաչատրյանը բացատրում է իրենց գործը փաստաթղթային է։ Այլ կերպ ասած՝ եթե թղթերով ամեն ինչ նորմալ է, այս կառույցն այլ լծակներ չունի:

«Այս կառույցի ֆունկցիան՝ վերահսկել, որ Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ են շահագործվում նմանատիպ օբյեկտները: Որովհետև մենք ինքներս վերահսկողություն ենք իրականացնում առաջինը փաստաթղթավորված, չունենք համապատասխան լաբորատորիա և որակավորված մասնագետ, ով կարող է, օրինակ, կանգնել և նայել կոնկրետ դետալը ինչքանով է մաշված, ինչքանով՝ չէ, եթե իհարկե, առերևույթ մենք չտեսնենք, որ կոտրված է: Մենք նայում ենք փաստաթուղթը, եթե կա հավատարմագրված փորձագիտական մարմնի կողմից տրված եզրակացություն, մենք իրավունք էլ չունենք դա դնել կասկածի տակ, եթե առերևույթ չենք տեսնում խախտումը: Այդ դեպքում մենք կարող ենք», - ասաց Խաչատրյանը:

«Ինչքան էլ թղթաբանությամբ, տեղեկանքներով և այլն ամեն ինչ նորմալ է, ինձ համար ակնհայտ է՝ մենք առաջիկա ժամանակում X պահի մի աղետ ունենալու ենք այդտեղ, որովհետև եթե մենակ վիզուալ էդ կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է, որ մի աղետ ունենալու ենք», - հայտարարել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հաջորդել էր «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունին, որն առնվազն 16 մարդու կյանք խլեց։ Փաշինյանի ելույթից հետո ԱԻՆ-ը տեղեկացրեց, թե Հայաստանում ոչ մի ատրակցիոն շահագործման չի ենթարկվի առանց համապատասխան փորձաքննության դրական եզրակացության:

Տեսչական մարմինը ևս հաստատում է՝ այս տարի մայրաքաղաքի 138-ից 113 ատրակցիոն դրական եզրակացություն է ստացել, մնացածը չեն շահագործվում։ Մինչդեռ «Լունապարկի» «Բիո Ռոբոտ» անունը կրող կարուսելը հենց մեկն էր այդ 138-ից, ինչպե՞ս պոկվեց.... պաշտոնյաներն այս հարցին պատասխան չունեն, թողնում են իրավապահներին։

Դժբախտության պատճառ դարձած ատրակցիոնն այսօր ոստիկանական ժապավենով էր փակված, սակայն այգում շարունակում էին աշխատել մյուս կարուսելները։

XS
SM
MD
LG