Մատչելիության հղումներ

«Լունապարկի» ատրակցիոններից մեկի նստարանը պոկվել, ընկել է, կա մեկ տուժած


Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկի» ատրակցիոններից մեկի նստարանը, դեռևս անհայտ հանգամանքներում, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ 6 մետր բարձրությունից, պոկվել և ընկել է Մոլդովայի 28-ամյա քաղաքացու գլխին։

«Լունապարկի» աշխատակիցներն «Ազատությանը» փոխանցեցին, որ դեպքի պահին քաղաքացին կարուսելում է եղել։

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից «Ազատությանը» տեղեկացրին, որ նրա վիճակն այս պահին կայուն ծանր է։

Գլխուղեղային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված մոլդովացուն երեկ են վիրահատել, նրա վիճակը, ըստ բժիշկների, ծանր է եղել, այս պահին միացված է արհեստական շնչառության սարքին։

Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ, ըստ նախնական վարկածի, ատրակցիոնից ինչ-որ դետալ է կոտրվել։ Հանձաժողով է ստեղծվել՝ փորձաքննություն իրականցանելու համար։ Ըստ պաշտոնյայի՝ մանրամասները պարզ կլինեն 4-օրյա ուսումնասիրություններից, ստուգումներից հետո։

Ասլանյանի փոխանցմամբ, տվյալ ատրակցիոնը տեխնիկական անվտանգության փորձաքննության է ենթարկվել այս տարվա հունիսին, այսինքն՝ մոտ կես տարի առաջ՝ մասնավոր ընկերության կողմից և ստացել է դրական եզրակացություն։

«Ազատության» հարցերին, թե արդյո՞ք պետության համար վստահելի են մասնավոր ընկերության ստուգումները և պետական միջոցներով ստուգում չի՞ իրականացվում, ԱԻՆ աշխատակիցը պատասխանեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մասնավոր ընկերությունների արված փորձաքննությունների վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի:

Նրա փոխանցմամբ, մասնավոր ընկերությունները հավատարմագրվում են Էկոնոմիկայի նախարարության հավատարմագրման ազգային մարմնի կողմից, արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործողն ինքն է որոշում, թե ով իրականացնի փորձաքննություն։

Իսկ ինչ վերաբերվում է այն ատրակցիոններին, որոնք չեն ենթարկվել ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության, Ասլանյանի խոսքով, դա Քաղաքաշինության, տեխնիկական անվտանգության և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կարող է ստուգել։

XS
SM
MD
LG