Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և հայտնել է ձմռանն ընդառաջ միլիոնավոր ֆունտ ստերլիգի օգնության նոր փաթեթ Ուկրաինային տրամադրելու մասին:
Քլևերլին խստորեն դատապարտել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը, հիվանդանոցները և էներգետիկայի համակարգը հրթիռակոծելու ռուսների գործելակերպը:
«Մենք իսկապես երախտապարտ ենք, շատ բարձր ենք գնահատում Բրիտանիայի կառավարության և հասարակության աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Զելենսկին:
Նա հավաստիցրել է, որ ռուսներն այդ դաժան հրթիռակոծություններով և ռմբահարումներով միևնույն է չեն կոտրի ուկրաինացիների կամքը:
Ջեյմս Քլևերլին ընդգծել է, որ Բրիտանիան «ուս ուսի տված» օգնում է Ուկրաինային:
Նրան այսօր ավելի ուշ ընդունել է նաև Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբան:
«Կասկած չունեմ, որ ուկրաինացիները կշարունակեն վճռական պայքարով պաշտպանել իրենց հայրենիքն ագրեսորից»,- հանդիպումից հետո ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը:
Անցյալ շաբաթ Կիև չնախատեսված այց է կատարել Բրիտանիայի նորընտիր վարչապետ Ռիշի Սունակը: Լոնդոնը ռուս-ուկրաինական արդեն ինն ամիս տևող պատերազմի ընթացքում համարվում է Կիևի ամենահուսալի դաշնակիցներից մեկը:
Ուկրաինային բրիտանացիների տրամադրած օգնության վերջին փաթեթում ի շարս այլ պարագաների ներառված են նաև շտապօգնության մեքենաներ: