Մատչելիության հղումներ

Իրանական ռիալը դոլարի նկատմամբ իջել է ամենացածր մակարդակի


Իրանում շաբաթներ շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին՝ երկրի ազգային տարադրամը դոլարի նկատմամբ իջել է ամենացածր մակարդակի։ Փորձագետների գնահատմամբ՝ իրանական ռիալի գահավիժման պատճառներից մեկն էլ գերտերությունների հետ Թեհրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցային փակուղին է։

Թեհրանում այսօրվա տվյալների համաձայն՝ մեկ դոլարը արժե 338 հազար ռիալ, երեկ 332 հազար էր։ Իրանական արժույթը մեկ դոլարի դիմաց 32 հազար արժեր 2015 թվականի միջուկային համաձայնագրի կնքման ժամանակ։

Ռիալի աննախադեպ արժեզրկումը տեղի է ունենում սեպտեմբերի 16-ից Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Երկրի տասնյակ քաղաքներում մարդիկ փողոց դուրս եկան ոստիկանական բաժանմունքներից մեկում 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Իրավապաշտպանների պնդմամբ՝ բողոքի գործողություններն ուղեկցող բախումների հետևանքով անցած շաբաթներին ավելի քան 250 մարդ է զոհվել, այդ թվում՝ դպրոցականներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG