Ադրբեջանական զինուժի օգոստոսյան հարձակման ընթացքում «Հայաստանը կիբերային հարձակումներ է իրականացրել Ադրբեջանի դեմ», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Տեղեկատվական անվտանգության և հատուկ կապի պետական ծառայության զեկույցը։
Ադրբեջանական գերատեսչության տվյալների համաձայն՝ հայկական կողմի կիբերային հարձակումները շարունակվել են ութ օր, «թիրախավորվել են 78 տեղեկատվական աղբյուրներ (15-ը՝ պետական)»։
Օգոստոսի առաջին օրերին, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը՝ կիրառելով ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով երկու զինծառայող մահացել է, ևս 14-ը վիրավորվել:
Շփման գծի լարվածության ֆոնին՝ Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն, իրականացնել նոր երթուղով՝ Հագարի գետի վրա ադրբեջանցիների կառուցած կամրջով։