Մատչելիության հղումներ

Չինաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարները համաձայնել են ընդարձակել երկխոսությունը


Հարավարևելյան Ասիայի պետությունների պաշտպանության նախարարների ժողովը, Սիեմրապ, Կամբոջա, 21-ը նոյեմբերի, 2022թ.
Հարավարևելյան Ասիայի պետությունների պաշտպանության նախարարների ժողովը, Սիեմրապ, Կամբոջա, 21-ը նոյեմբերի, 2022թ.

Չինաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են ընդարձակել երկխոսությունը, աշխատել տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ և ամրապնդել ճգնաժամային իրավիճակները կարգավորելու մեխանիզմը:

«Չինաստանը որևէ կերպ պատասխանատվություն չի կրում չին-ամերիկյան կապերի ներկայիս վիճակի համար: Հիմնական պատճառը Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որը հիմնված է ռազմավարական սխալ հաշվարկի վրա», - ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Տան Կեֆեին:

Նախարարներ Լլոյդ Օսթինը և Վեյ Ֆենգեն հանդիպել են Կամբոջայում՝ Սիեմրապ ավանում գումարված Հարավարևելյան Ասիայի պետությունների գագաթնաժողովի շրջանակներում:

Հանդիպումից հետո Չինաստանի պաշտպանական գերատեսչության խոսնակը նշել է, որ Չինաստանը պատրաստ է զարգացնել երկկողմ հարաբերությունները, «սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները հարգանքով ըմբռնի Չինաստանի շահերը և մտահոգությունները»:

Ամերիկյան կողմն «օգտակար և պրոֆեսիոնալ» է որակել մեկևկես ժամ տևած հանդիպումը և նշել է, որ հարկ է բարելավել ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության հնարավորությունները:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել «Չինաստանի օդուժի վտանգավոր գործելակերպի» կապակցությամբ:

Նախարարներ Լլոյդ Օսթինը և Վեյ Ֆենգեն Սիեմրապում մանրամասն անդրադարձել են նաև Թայվանի խնդրին:

XS
SM
MD
LG