Տնից զրկված Արմեն Անդրանիկյանը հոգնել է անորոշությունից. փողոցում հայտնված տարեց տղամարդը դառնացած է՝ կարծես իր լինի, որի համար այս երկրում տեղ չկա։
Տարեսկզբին 90-ից ավելի անօթևան մարդիկ վրդովված էին Սոցապ նախարարության որոշումից, որի արդյունքում Վարդաշենի կացարանից տեղափոխվեցին տուն- ինտերնատի տարածքում գտնվող մի անբնակ մասնաշենք։ Հիմա լսել են, որ մեկ ամսից իրերը դարձյալ պիտի հավաքեն, ո՞ւր են տանելու՝ չգիտեն, սրտնեղած են՝ հազիվ էին ընտելացել նոր պայմաններին։
«Ոնց որ արդեն հունի մեջ ես ընկնում, նորից ասում են՝ պիտի տանեն, ավելի լավ է՝ գնայի սարերը մնայի», - ասաց Անդրանիկյանը:
Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը 3 օր առաջ նոր մրցույթ է հայտարարել՝ անօթևան մարդկանց ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների համար։ Հայտերը կընդունվեն մինչև դեկտեմբերի 5-ը։ Անցած տարի ոչ մի կազմակերպություն մրցույթին հայտ չէր ներկայացրել, այդ պատճառով կառավարությունն այս մարդկանց տեղավորեց ծերանոցի անբնակ մասնաշենքում։ Տարիներ շարունակ անօթևաններին կացարան տրամադրող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, ըստ Սոցապ նախարարության, անցած տարի զրկվել էր մրցույթին մասնակցելու իրավունքից, քանի որ մեկ այլ ծրագրի շրջանակներում ոչ պատշաճ ծառայություն էր մատուցել։ Բայց հիմա էլ կռիվ է ընկել անօթևանների շրջանում։
Սոցապ նախարարության աշխատակից Անահիտ Գևորգյանի խոսքով՝ անցած տարի կառավարությունը ստիպված հրատապ քայլի դիմեց, որ այս մարդիկ նորից փողոցում չհայտնվեն, իսկ հիմա արդեն հնարավորություն կա, գտնել այնպիսի մի ընկերություն, որը կկարողանա այլ վայրում պատշաճ ծառայություն մատուցել անօթևաններին:
«Քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք կյանք վերադառնան», - ասաց Գևորգյանը:
Տուն-ինտերնատը մինչև 80 անօթևանի կարող է կացարան տրամադրել, սակայն տարվա ընթացքում ավելի քան 300 մարդ է գնում-գալիս, բոլորին պահել չի լինի։ Թեև ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել են, որ տարվա սկզբում հայտնաբերված 3 թափառաշրջիկ հաշվառումից դուրս է եկել, իսկ տարվա ընթացքում նոր անձինք չեն հայտնաբերվել, այդուհանդերձ սոցիալական աշխատողները սեփական մոնիթորինգի արդյունքում մայրաքաղաքում մոտ 800 անօթևանի են նկատել։ Մեծ մասը, սակայն, հրաժարվում է փողոցից կացարան տեղափոխվել՝ անգամ ձմռանը։
«Երևանում գտնվող անօթևանների ճնշող մեծամասնությունը մարզերի բնակիչներ են, որոնցից շատերն ունեն նույնիսկ ընտանիքներ, տներ մարզերում, ուղղակի եկել են Երևան աշխատանք փնտրելու, չեն հաջողել», - ներկայացրեց Անահիտ Գևորգյանը:
Սվետլանա Հակոբյանը 2 ամիս առաջ է տեղափոխվել անօթևանների կացարան։ Սոցիալական աշխատողների խոսքով՝ ոստիկանները մեծ դժվարությամբ են համոզել 68-ամյա կնոջը փողոցում չմնալ։ Ինքն էլ է ընդունում՝ վիճակն անտանելի էր։ Փողոցում մնացած շատերի նման տիկին Սվետլանան էլ չի մտաբերում այն պահը, երբ կորցրեց ամեն ինչ՝ ընտանիք, աշխատանք:
«Աշխատել եմ հյուրանոցներում՝ հավաքարար: Հյուրանոցի կողքը քնում էի, չթողեցին, ստիպված ամոթու Կիևյանի մետրոյի տակ էի գարդոնները հավաքում, փռում: 90 տոկոսը, ճիշտ եմ ասում, անցկացրել եմ փողոցում, լավ մարդ ա հանդիպել, վատ մարդ ա հանդիպել, տարօրինակ վիճակի մեջ եմ ընկել», - պատմեց Հակոբյանը:
16 տարեկանից դրսում հայտնված կնոջ համար միևնույն է՝ կտեղափոխվի այլ կացարան, թե կմնա ծերանոցում։ Ասում է՝ կյանքի 90 տոկոսը փողոցում անցկացրած մարդու համար մեծ շքեղություն է պահանջներ ներկայացնելը։
Վերա Անանինային լավատեսությունն է փրկում։ Միակն էր, որ անհամբեր սպասում էր՝ երբ կվերադառնա Վադաշենի կացարան. ասում էր այնտեղ աշխատում էր, իսկ հիմա իրեն փող է պետք, որ վերջերս գտնված դստերն օգնի. - «Իմ ավագ աղջիկը, որի հետ 23 տարի կապ չեմ ունեցել, «Սպասիր ինձ» հաղորդման միջոցով արձագանքել է։ Ռուսաստանում է ապրում, այնպիսի վիճակում չէ, որ ինձ օգնի»։
Փողոցում հայտնվածների մի մասը խաբեության հետևանքով է գույքը կորցրել։ Դաշնամուրի ուսուցիչ Գայանե Գրիգորյանը պնդում էր՝ դա հենց իր դեպքն է։ 39-ամյա Ցողիկ Աբրահամյանն էլ սպասում էր, որ ամուսինը կգա, իրեն Սևան կտանի։
Խառը պատմություններ, բարդ իրավիճակներ են ...զուգահեռ իրականությունում հետազոտություններ, որոնց համաձայն՝ փողոցում հայտնված մարդկանց զգալի մասը թեև հարազատ, ազգական ունի, բայց միայն թղթերով։
81-ամյա Սիլվա Միսակյանը մանկական ձեռնոց էր գործում. ո՞ւմ համար, չասաց։ Սոցիալական աշխատողներից իմացանք՝ մի տղա ունի, այն էլ Հայաստանում չի։